ՀՔԾ-ն կարճել է Վանաձորում մահացած 15-ամյա հանդբոլիստի գործով կալանավորված Կարեն Կունգուրցեւի՝ բռնության վերաբերյալ հաղորդման հիման վրա հարուցված քրգործը, քանի որ հնարավոր չի եղել ապացուցել պաշտոնատար անձանց կողմից հանցագործություն կատարելու հանգամանքները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՔԾ որոշումից, որն ամբաստանյալի հարազատներն են տրամադրել:
Նշնենք, որ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ՝ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորություններն անցնելը՝ բռնության գործադրմամբ: Կարեն Կունգուրցեւը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ սպանություն կատարելու կասկածանքով իրեն ոստիկանության Տարոնի բաժին բերման ենթարկելուց հետո Լոռու մարզային վարչության նախկին պետ, ներկայիս փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանը եւ քննչական բաժնի պետի տեղակալ Արման Գալստյանը առանձին աշխատասենյակում իրեն ծեծի են ենթարկել ու ստիպել ընդունել մեղքը: Կարեն Կունգուրցեւն իր ներկայացրած հաղորդման մեջ նշել էր նաեւ, որ իրեն ստիպել են ստորագրել դատարկ ձեւաթղթերի տակ, ինքը հրաժարվել է: Դրանից հետո, դատավարական կարգի խախտմամբ, իրեն ձեռնաշղթաներով ճանաչման են ներկայացրել եւ այդ ժամանակ գործով վկան մատնացույց է արել հենց իրեն եւ իրեն կալանավորել են:
Նշենք նաեւ, որ Կունգուրցեւն իր ցուցմունքում գրել էր, որ, ըստ Վանաձորում տարածված խոսակցությունների, հանցագործություն կատարողները Լոռու մարզի ԱԱԾ աշխատակից Արտակ Բաղդասարյանի որդիներն են, սակայն նրանց քրեական պատասխանատվությունից զերծ պահելու նպատակով հանցանքի կատարումը մեղսագրում են իրեն:
ՀՔԾ-ն քրեական գործը կարճելու որոշում է կայացրել հանցակազմի եւ հանցադեպի բացակայության հիմքերով՝ պատճառաբանելով, որ գործով հնարավոր չի եղել ապացուցել Համբարյանի եւ Գալստյանի կողմից հանցագործություն կատարելու հանգամանքները, եւ սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները:
Միեւնույն ժամանակ, ՀՔԾ-ն մեկ այլ քրգործ է հարուցել՝ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, համաձայն որի՝ դեպքից հետո ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնի պաշտոնատար անձը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, բաժին հրավիրված երկու վկաներին նախապես ցույց է տվել կասկածյալ Կարեն Կունգուրցեւի լուսանկարը եւ պահանջել, որ ընթերակաների ներկայությամբ լուսանկարով ճանաչման ներկայացնելու քննչական գործողության ժամանակ մատնացույց անեն նրան ու հայտարարեն, որ Դավիթ Հովակիմյանին դանակով հարվածողը հենց նա է եղել:
Գործով վկաներ՝ Գեւորգ Ավագյանն ու Աշոտ Կռոյանը, ՀՔԾ-ում տված ցուցմունքներով հաստատել են, որ մարզիչի պահանջով եւ մտածելով, որ իրենց ընկերոջն սպանած անձն ազատության մեջ է մնալու, ոստիկաններին հայտնել են, որ թեեւ իրենք ականատես չեն եղել դեպքին, պատրաստ են քննիչի մոտ ցուցմունք տալ՝ իբր տեսել են դանակահարելու պահը: Ապա ոստիկանի ուղղորդմամբ՝ քննիչի մոտ հարցաքննվելիս եւ ճանաչման քննչական գործողության ժամանակ Կունգուրցեւին են նկարագրել ու մատնացույց արել՝ որպես հանցագործի: Գործի այս մասով էլ ՀՔԾ-ն որոշում է կայացրել կասեցնել վարույթը՝ որպես մեղադրյալ ներգրավելու ենթակա անձի ինքնությունը հայտնի չլինելու պատճառաբանությամբ՝ չնայած ամբողջովին հիմնավորվել է ոստիկանության Տարոնի բաժնի աշխատակցի կողմից վկաներին ուղղորդելու հանգամանքը:





























