«Երեխաների զարգացման միջազգային կենտրոնում» աուտիզմով հիվանդ երեխաների ուսման համար արդեն 7 տարի ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, որ ուսումնական տարվա տեւողությունը 11 ամիս է: Այստեղ սովորող երեխաների մոտ ախտորոշված է աուտիզմ: Նրանք ստանում են կրթաբուժական համալիր աջակցություն. խոսքային, արվեստի, երաժշտության, զբաղվածության, ավազի թերապիա եւ այլն:

Անհատական, ինտենսիվ պարապմունքների իրականացմանն արդեն 7 տարի աջակցում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Կենտրոնի հետ ընկերության համագործակցության արդյունքը տեսանելի է. 35 սաներից 13-ը, ներառական ծրագրի շրջանակներում, այցելում են հանրակրթական դպրոց: Ավելին, ուսումնական տարվա ավարտից հետո նրանցից շատերը պատրաստ են ամառային հանգիստն անցկացնել ընտանիքների հետ. առաջընթացը նկատելի է եւ՛ գիտելիքների ձեռքբերման եւ՛ ինքնասպասարկման ու հասարակությանն ինտեգրվելու առումով:

2014-2015 ուս. տարվա կարեւորագույն ձեռքբերումներից են այս երեխաների վարքում նկատվող փոփոխությունն ու մտավոր ունակությունների աճը: Նրանք կարողանում են հաղթահարել զարգացման ինքնատիպությունից ի հայտ եկած խնդիրները. հաղորդակցվում են, ունեն շփման հմտություններ, յուրացնում են հասարակությանն ինտեգրվելու անհրաժեշտ նորմերը եւ պատրաստ են ընկերական ջերմ կապերի ստեղծմանն ու գիտելիքների ձեռքբերմանը:

Կենտրոն հաճախող երեխաների՝ հանրակրթական դպրոցում ներառման գործընթացն սկսվել է յոթ տարի առաջ՝ որպես փորձնական ծրագիր: Սկզբնական շրջանում ծրագիրն իրականացվել է մեկ երեխայի հետ: Ձեռք բերված հաջողությունների եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորության շնորհիվ՝ շահառուների թիվը տարեցտարի ավելացել է եւ արդեն 2015թ.-ին՝ ներառական ծրագրով հանրակրթական դպրոց հաճախողների թիվը հասել է 13-ի: