ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից երկակի չափանիշների կիրառումը Զարմացնում է։ Այս մասին հունիսի 11-ին՝ «ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները նոր մարտահրավերների ենթատեքստում» կոնֆերանսի ժամանակ, հայտարարեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը։
«Մի կողմից ես ուրախ եմ, որ ՆԱՏՕ-ն գիտակցում է, թե ղարաբաղյան հակամարտության պես ինչպիսի հակամարտություններից է ինքը խուսափում, զուսպ հայտարարություններ է անում սրման դեպքում եւ հասկանում է, որ դաշինքի միջամտության պատճառով կարող է անբարենպաստ իրավիճակ ստեղծվել։ Սակայն դրա հետ միասին ՆԱՏՕ-ն հաճախ է խուսափում միջամտությունից՝ ելնելով տարածաշրջանային անվտանգության պատկերացումներից»,- նշեց Պողոսյանը։
Նա նկատեց, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները շատ համոզիչ կերպով ապացուցեցին, որ նրանք կարող էին շտկել ի հեճուկս տնտեսական օրենքների գործող նավթի շուրջ ստեղծված իրավիճակը։ «Ցավոք, աշխարհում միշտ էլ թելադրողը եղել է գնորդը եւ ոչ թե առաջարկողը։ Միակ ապրանքը, որը աշխատել է այդ օրենքին դեմ, դա նավթն է։ Եվ թելադրել են այն երկրները, որոնք այդ նավթը ունեցել են՝ Ադրբեջանը, Ռուսաստանը։ Եթե ՆԱՏՕ-ն այսօր պատրաստ է հակազդել այնպիսի մեծ պետության, ինչպիսին Ռուսաստանն է, ապա ինչպե՞ս կարող են անդամ երկրները, որոնք հայտարարում են արժեքների կարեւորության մասին, հանդուրժող լինել Ադրբեջանի նկատմամբ։ Բաքվում փակում են ԵԱՀԿ գրասենյակը, ձերբակալում են լրագրողներին, եւ ոչ մի հայտարարություն չի հնչում։ Բայց հերիք էր նման մի բան լիներ որեւէ այլ երկրում, մենք անմիջապես ականատես կլինեինք համապատասխան հայտարարությունների»,- եզրափակեց Թեւան Պողոսյանը։





























