Հայկական հանցագործ խմբավորման պարագլուխը, որին մեղադրում են մի քանի նահանգներում հարյուրավոր մարդկանցից ֆինանսական տեղեկություն գողանալու մեջ, Մանհեթենի դատարանում իրեն մեղավոր է ճանաչել։ Մեղքը խոստովանելուց հետո Դավիթ Քուդուղուլյանին ազատազրկման են դատապարտել եւ 750 հազար դոլարի չափով տուգանել, գրում է The Newnan Times-Herald-ը։

2015թ. մարտին Քուդուղուլյանը երեք այլ կասկածյալների Գարեգին Սպարտալյանի, Հայկ Ջանջափանյանի եւ Արամ Մարտիրոսյանի հետ Նյու Յորքում ձերբակալվել էր կրեդիտ քարտերի հետ խարդախություններ կազմակերպելու մեղադրանքով։  Ավելի վաղ նրանց կասկածում էին Թեքսասում, Թեննեսիում եւ Ջորջիայում հարյուրավոր մարդկանցից ավտոլցակայաններում տեղադրված կրեդիտ քարտերի սարքավորումների միջոցով ֆինանսական տեղեկություններ գողանալու մեջ։

Նրանց կասկածում են  նաեւ հայերից եւ մեքսիկացիներից կազմված Armenian Power հանցագործ խմբավորման անդամ լինելու մեջ։

Նրանց հետքի վրա հաջողվել է դուրս գալ գողացած կրեդիտ քարտերի միջոցով։ Իրավապահները Նյու Յորքի հյուրանոցներից մեկում տղամարդկանցից առգրավել էին 200 հազար դոլար կանխիկ գումար, հարյուրավոր դրամարկղային անորրագրեր, որոնց վրա հազարավոր դոլարներ են եղել, ինչպես նաեւ կրեդիտ քարտերը պատճենող բազմաթիվ սարքավորումներ։