Կալիֆորնիական Գլենդել քաղաքի բժշկական կենտրոններից մեկի նախկին աշխատակից եւ հակածխախոտային ակտիվիստ Սթիվեն Գալիեգոսի հայցը, որն աշխատանքից հեռացվել էր քաղաքային խորհրդի հասցեին քննադատական հոդվածի հրապարակումից հետո, կարգավորվել է արտադատարանային կարգով, իսկ այդ առիթով նախկին քաղաքապետ Արա Նաջարյանի դեմ գործը կարճվել է:

Ըստ «Glendale News-Press»-ի, գործը պետք է դատարանում քննվեր մայիսի 12-ին, սակայն կարճվել է: Կողմերն ու նրանց փաստաբանները քննարկում են անցկացրել՝ նպատակ ունենալով կարգավորել վեճը: Նաջարյանն ասել է, որ այդ հանդիպումից կարճ ժամանակ անց, Գալիեգոսի եւ նրա փաստաբանի համաձայնությամբ, գործը կարճվել է: Համաձայնություն է ձեռք բերվել նաեւ Գալիեգոսի եւ բժշկական կենտրոնի միջեւ, սակայն դրա մանրամասները հայտնի չեն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գլենդելի բժշկական կենտրոններից մեկի նախկին աշխատակից, հակածխախոտային ակտիվիստ Սթիվեն Գալիեգոսը դատական հայց էր ներկայացրել քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանի դեմ: Նա պնդում էր, որ իրեն աշխատանքից ազատել են Նաջարյանի հրահանգով, այն բանից հետո, երբ ինքը քննադատել է ռեստորաններում ծխելու կանոնների մեղմացման մասին Նաջարյանի առաջարկությունը: