Հունիսի 7-ին Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) կողմից առաջադրված ու պատգամավորական մանդատ ստացած հայազգի կին պատգամավոր Սելինա Դողանի խոսքով, ԺՀԿ-ն ընդունում է, որ անցյալին վերաբերող որոշ հարցեր կան, որոնց հետ պետք է առերեսվել: Այդ մասին հայտնում է «Ազատությունը»։
Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը 1923 թվականին հիմնել է Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքը։ 1995 թվականին Սոցիալ-ժողովրդավարական ժողովրդական կուսակցության (ՍԺԺԿ) հետ միավորվելուց հետո ԺՀԿ-ն համարվում է ազդեցիկ կենտրոնամետ ձախ կուսակցություն:
Ermenihaber-ի հետ զրույցում Սելինա Դողանն ասել է, որ ԺՀԿ-ն Թուրքիայի հասարակության պես վերափոխման գործընթացում է: «Ներկայումս դա իրականացնում է իր կադրերը թարմացնելով, տարբեր հատվածների ներկայացուցիչների, կանանց առաջադրելով: Ես էլ այդ վերափոխման մի մասն եմ եւ դա տրամաբանական եմ համարում: Ոչ ոք թող հայ լինելս կասկածի տակ չդնի: Ինձ կուսակցության անդամներն էլ են շատ դրական ընդունում: Սկզբնական շրջանում մի փոքր ըմբոստություն եղավ, բայց հիմա ամեն ինչ կարգին է», - հայտարարել է Դողանը։
Նա նշել է, որ խոսքի ազատությունը կուսակցությունում ամենաշատ կարեւորվող հարցերից մեկն է, վստահեցնելով, որ կուսակցության ներսում կա «քաղաքական բարոյականության սկզբունք եւ հարգանք խոսքի ազատության նկատմամբ», եւ որ ազատորեն կարող է ասել այն, ինչ ճիշտ է համարում, եւ մինչեւ վերջ պնդել ասածը։
«Ես, որպես հայ պատգամավոր, բնականաբար, հայերին վերաբերող խնդիրները խորհրդարանի օրակարգ կբերեմ: Ի տարբերություն մյուս պատգամավորների, ես ավելի քաջատեղյակ եմ հայ համայնքին հուզող հարցերին, վերջիվերջո համայնքի մեջ եմ մեծացել», - ասել է Սելինա Դողանը:
ԺՀԿ-ն, ըստ նրա, հակված է հարեւան բոլոր պետությունների հետ հարաբերությունների կարգավորմանը։





























