Մարտի վերջին ֆրանսիական Ալպերում Airbus A320 օդանավի աղետի զոհերի մասունքները, որոնք ենթակա չեն ճանաչման, կթաղեն աղետի վայրից ոչ հեռու, եղբայրական գերեզմանում: Այս մասին  հաղորդել է Մարսելի դատախազ  Բրիս Ռոբինը:

«Այն ամենը, ինչ կարելի էր ճանաչել անատոմիական տեսանկյունից, անցել է ճանաչման ընթացակարգ: Տեղի իշխանությունները որոշել են չճանաչված մարմինների համար միասնական գերեզման ստեղծել Վերնա քաղաքում»,-հայտարարել է Ռոբինը:

Նա նաեւ հայտնել է, որ 30 զոհերի մարմիններով օդանավը հունիսի 15-ին կմեկնի Իսպանիա, եւս 44 մարմիններ հունիսի 9-ին տեղափոխվել են Դյուսելդորֆ:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին Germanwings ավիաընկերությանը պատկանող, Բարսելոնից Դյուսելդորֆ թռչող Airbus А-320 օդանավը ընկել էր ֆրանսիական Ալպերում: Օդանավում այդ պահին եղել էր 150 մարդ, որոնք բոլորը մահացել էին: Ենթադրվում է, որ երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը փակվել է օդաչուների սենյակում եւ դիտավորյալ օդանավն աղետի տարել: