Հայաստանի Հանրային խորհուրդն այսուհետ կանդամակցի Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների տնտեսական եւ սոցիալական խորհուրդների միությանը (UCESIF):
Որոշումը կայացվել է հունիսի 11-ին՝ Մարոկկոյի թագավորության մայրաքաղաքում՝ Ռաբաթում, միության համագումարի ժամանակ:
Հունիսի 11-12-ն անցկացվող համագումարին մասնակցում է նաեւ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, որը մինչ միությանը ՀԽ անդամակցության որոշման ընդունումը, հանդես է եկել ելույթով, ներկայացրել ՀԽ գործունեությունն ու նպատակները. այն է՝ հասարակության տարբեր շերտերի, ինչպես նաեւ հասարակության եւ իշխանությունների միջեւ ստեղծել երկխոսության հանրային հարթակ:
ՀԽ ղեկավարն ընդգծել է, որ Հանրային խորհուրդն իր գործունեության ընթացքում ուսումնասիրել է բազմաթիվ հարցեր՝ կապված Հայաստանի սոցիալ-տնտեսական առաջընթացի, կրթության, առողջապահության ոլորտների հետ:
Նա կարեւորել է Հայաստանի Հանրային խորհրդի անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների տնտեսական եւ սոցիալական խորհուրդների միությանը՝ նշելով, որ ՀԽ-ն ամբողջությամբ կիսում է այն բոլոր սկզբունքները, որոնք ընկած են միության գործունեության հիմքում:
Վազգեն Մանուկյանն իր ելույթում նաեւ շեշտել է, որ Հայաստանն այս պահին հանդիսանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, Հայաստանի շատ քաղաքներ ներգրավված են Ֆրանկոֆոն քաղաքների միջազգային ասոցիացիայի աշխատանքներին, Հայաստանի 5 համալսարաններ ներգրավված են Ֆրանկոֆոն երկրների համալսարանների ասոցիացիայի կազմում, Հայաստանի խորհրդարանը հանդիսանում է Ֆրանկոֆոն երկրների խորհրդարանների ասոցիացիայի անդամ, ուստի Հայաստանի Հանրային խորհրդի ցանկությունը՝ ներգրավվելու Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների տնտեսական եւ սոցիալական խորհուրդների միության կազմում, այդ ողջ գործընթացի տրամաբանական շարունակությունն է:
Հիշեցնենք, որ ս.թ. մայիսի 6-ից 7-ը Աթենքում կայացել էր Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների տնտեսական եւ սոցիալական խորհուրդների միության վարչության նիստ, որին մասնակցում էր նաեւ ՀԽ պատվիրակությունը: Նիստին Հունաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի գլխավոր քարտուղար Ապոստոլոս Քսիրաֆիսի կողմից առաջարկվել էր քննարկել այդ կառույցին ՀՀ Հանրային խորհրդի անդամակցության հարցը՝ հաշվի առնելով Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության եւ դրա գործընկեր կառույցների գործունեությանը:
Վարչության անդամները ողջունել էին առաջարկը՝ որոշելով երաշխավորել ՀԽ անդամակցությունը:
2010 թվականից ՀՀ Հանրային խորհուրդը հանդիսանում է նաեւ Տնտեսական եւ սոցիալական խորհուրդների եւ համանման կառույցների միջազգային ասոցիացիայի լիիրավ անդամ: Ասոցիացիայի կազմում ընդգրկված է 67 երկրի 70 հանրային խորհուրդ:





























