ՀՀ-ում 5700 դիմորդ այսօր քննություն կհանձնեն օտար լեզու առարկայից: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին լրագրողներին ասաց ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը՝ հավելելով, որ դիմորդների գերակշող մասը՝ 5200 հոգին, անգլերեն լեզվից են քնննություն հանձնում:
«Գերմաներեն լեզվի քննություն են հանձնում 221 հոգի, ֆրանսերենից՝ 200, իսպաներենից՝ 18 դիմորդ: Պարսկերենից եւ իտալերենից քննություն հանձնողներ չկան»,-ասաց նա:
ԳԹԿ տնօրենը նշեց, որ հանրապետությունում գործում են 28 քննական կենտրոն, որից 10-ը` Երեւանում, 18-ը` մարզերում:
Գագիկ Մելիքյանը նշեց, որ դիմորդների բացակայությունները տարբեր պատճառներ ունեն, հիմնականում բացակայում են հիվանդությունների հետ կապված. «Որպես կանոն բացականերին թույլատրում ենք մասնակցել 2-րդ փուլին»:
ԳԹԿ տնօրենը նշեց, որ ի տարբերություն այլ քննությունների օտար լեզվի քննությանը ավելի շատ մայրաքաղաքի դիմորդներն են մասնակցում, սակայն ընդհանուր առմամբ այս տարի բոլոր առարկաների գծով 501 դիմորդ քիչ է մասնակցել, բացառությամբ կենսաբանություն առարկայի, որի դիմորդների թիվը 120-ով աճել է:





























