Մայամիում ոստիկանության սպան սպանել է իրեն խողովակով սպառնացող անօթեւան չարագործին, հայտնում է Miami Herald-ը։
Ոստիկանության 41-ամյա սպա Անտոնիո Տորեսը ահազանգից հետո ժամանել է դեպքի վայր՝ քաղաքային զբոսայգի, որտեղ բանավեճի մեջ է մտել 46-ամյա անօթեւան Ֆրից Սեւյեի հետ, որը ձեռքում մետաղական խողովակ է ունեցել։
Ականատեսների վկայությամբ, երբ անօթեւանը խողովակը ուղղել է ոստիկանի վրա, վերջին մի քանի անգամ կրակել է նրա վրա, փոխանցում է Gazeta-ն։
Մայամիի ոստիկանության պետ Ռուդոլֆո Լյանեսը անսովոր որոշում է կայացրել եւ դիմել է հանրությանը։ Նրա խոսքով՝ ոստիկանության վետերանը տեղյակ է եղել իրավապահների կողմից զենք գործածելու շուրջ բարձրացած աղմուկի մասին. բայց գործել է կանոնակարգի համաձայն։
«Ես հասկանում եմ, որ ձեզ փաստեր են պետք։ Հիմա ճշմարտությունը կախված է ականատեսներից»,- ասել է Լյանեսը։
Սպանված տղամարդը բազմիցս մեղադրվել է խուլիգանության եւ ծեծկռտուքներ կազմակերպելու մեջ եւ պատասխանատվության ենթարկվել։





























