«Հայաստանի էկենտրական ցանցեր» ընկերության վատնումների համար մեղավորները պետք է պատժվեն: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում, ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով պետք է հասկանալ՝ կարելի՞ է բարձրացնել ՀԷՑ-ի աշխատանքի արդյունավետությունն առանց թանկացնելու էլեկտրաէներգիան, թե ոչ, բայց նրանք, որոնք ընկերությունը հասցրել է նման վիճակի, պետք է պատժվեն:

«Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է պետք համակարգին, որպեսզի այն նորմալ գործի: Պետք չէ սեւեռվել այդ 6,93 դրամի վրա: Պետք է հասկանալ՝ ինչի վրա են դրանք ծախսվելու եւ ընդհանրապես պե՞տք է ծախսվեն»,-հայտարարել է Պողոսյանը:

Նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է էլեկտրաէներգիայի սկագինը բարձրացնել 6,93 դրամով: Ներկա սակագինը ցերեկային ժամերին կազմում է 41,85 դրամ, իսկ գիշերային ժամերին 31,85 դրամ: Առաջարկվում է այն դարձնել 48, 82 դրամ (ցերեկային) եւ 38,82 դրամ (գիշերային):