2015 թվականին համայնքային բյուջեի եւ բնակչությունից գանձվող սպասարկման վճարների միջոցներով մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների նորոգման ընթացքն է քննարկվել Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Խորհրդակցությանը մասնակցել են մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները, կոմունալ բաժինների պետերը, վերելակային տնտեսությունները սպասարկող ընկերությունների տնօրենները, Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ վերահսկողության վարչությունների աշխատակիցները, համատիրությունների նախագահները: Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները քաղաքապետի առաջին տեղակալին նախ ներկայացրել են ընթացիկ տարում համայնքային բյուջեով տեղերում նախատեսված վերելակների նորոգման աշխատանքները, ինչպես նաեւ` առաջիկա անելիքները: Վերելակային տնտեսությունները սպասարկող ընկերությունների տնօրենները հանդես են եկել վերելակների պահեստամասերի եւ մյուս բաղադրիչների նորոգման, նորերի ձեռք բերման եւ դրանց տեղադրման մասին առանձին հաշվետվություններով: Լսելով դրանք` հանձնարարվել է արագացնել վերելակների նորոգման ընթացքը եւ հնարավորին արագ,սակայն որակական եւ անվտանգության բոլոր չափանիշների պահպանմամբ, տեխնիկական զննում անցնելուց հետո վերելակները հանձնել շահագործման: Կամո Արեյանը հատկանշել է, որ հաշվի առնելով մարդու կյանքի եւ առողջության հետ անմիջականորեն ունեցած կապը` աշխատանքների անվտանգ, որակյալ եւ լիարժեք իրականացմանը պետք է առաջնային կարեւորություն տալ:
Քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետին եւ տեխնիկական վերահսկողություն իրականացնող մյուս կառույցների ներկայացուցիչներին հանձնարարվել է մանրակրկիտ եւ պարբերական ուսումնասիրություններ անցկացնել, ստուգել արդեն նորոգված վերելակներում տեղադրված նոր պահեստամասերի առկայությունն ու ծախսված միջոցների վերաբերյալ հաշվետվությունների արժանահավատությունը, անցկացնել դրանց որակի համապատասխանության միջոցառումներ:
Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է անձամբ հետեւել վերելակների նորոգման աշխատանքների ընթացքին եւ պարբերաբար ներկայացնել արդյունքները: Քաղաքապետի առաջին տեղակալը շեշտել է, որ համայնքային բյուջեով եւ բնակչությունից գանձվող սպասարկման վճարների հաշվին կազմակերպվող վերելակների նորոգման աշխատանքները գտնվելու են Երեւանի քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում: Վերահսկողական գործառույթներ է իրականացնելու նաեւ հատուկ այդ նպատակով ստեղծվող աշխատանքային խումբը:





























