Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 12-ամյա աղջկա մահվան պատճառ հանդիսացած ճոճանակը տեղադրվել է բնակիչների կողմից դեռեւս 2012թ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը:

Նա նշեց, որ երբ իրականցվում են տարածքի բարեկարգման աշխատանքներ, միշտ էլ ողջունելի են բնակիչների նման քայլերը: Հարցին՝ արդյոք ճոճանակը անվտանգ է եղել եւ տեխնիկական խնդիր չի ունեցել, թաղապետն ասաց, որ արտաքին տեսքը համապատասխանել է մնացած ճոճանակներին, եւ իրենք միշտ իրենց գոհունակությունն են հայտնում բնակիչներին նման նախաձեռնության համար:

Թաղապետը դեպքի մասին իմացել է երեկ երեկոյան, դեռ չի այցելել դեպքի վայր, բայց տեղյակ է, որ ականատեսները արդեն հանդիպել են իրավապահների հետ: «Ինձ հասած տեղեկություններով՝  ճոճանակը օգտագործել են 4-ից ավել երեխաներ ու ցավոք նման դեպք է եղել»,-ասաց նա՝ ցավակցելով մահացած երեխայի ընտանիքի անդամներին:

Արտակ Ալեքսանյանն ասաց, որ արդեն իսկ հանձնարարել է գույքագրել բնակիչների կողմից տեղադրված ճոճանակները ու բոլորի մասով ստուգել, թե դրանք ինչ վիճակում են. այնուհետեւ անհրաժեշտության դեպքում՝ վերանորոգել:

Մահացած երեխան ուներ հայր, մայր ու քույր, ապրում է Ռոմանոս Մելիքյան հասցեի շենքերից մեկում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 11-ին ողբերգական դեպք է եղել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Բակում խաղալիս խաղահրապարակի կարուսելից ընկել եւ գլխի շրջանում վնասվածքներ է ստացել 12-ամյա մի աղջիկ։ Հիվանդանոցի ճանապարհին երեխան մահացել է։ Դեպքի կապակցությամբ քննություն է ընթանում։ Մեր տեղեկություններով, խաղահրապարակը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի մոտ, իսկ կարուսելներն վերջերս էին տեղադրել այդ տարածքում։ Ասում են նաեւ, որ կարուսելը նորմալ ամրացված չի եղել, այդ պատճառով էլ շուռ է եկել երեխայի վրա