Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանին հետաքրքրում է, թե ով է «ՀԷՑ»-ին իրավունք տվել բարեգործություններ կատարել, մասնավորապես եկեղեցիներ վերանորոգել։
«Դպրոցներ, մանկապարտեզներ են վերանորոգել։ Բացի դրանից՝ 7 հատ եկեղեցի են վերանորոգել, ի՞նչ իրավունքով, ո՞վ է դիմել, որ բարեգործություն անեն»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, թե ամեն մարդ ինքն է որոշում՝ որտեղ եւ ինչի համար բարեգործություն անել։
Նշենք, որ այսօր խորհրդարանական լսումներ են հրավիրված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ։ Նիստին չի ներկայացել «ՀԷՑ»-ի տնօրեն Եվգենի Բիբինը։
Հիշեցնենք, որ «ՀԷՑ»-ը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքը տասնյոթ դրամով թանկացնելու պահանջով։ ՀԾԿՀ-ն արդեն ուսումնասիրել է հայտը եւ ներկայացրել որոշման նախագիծ, որի համաձայն՝ էլեկտրաէներգիայի սակագինը օգոստոսի մեկից կբարձրանա 6.93 դրամով։





























