«Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունը նոր պահանջների ցանկ է մշակել:

Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողներին ասաց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության խորհրդի անդամ Արմեն Եփրեմյանը՝ նշելով, որ  նոր պահանջներն են՝ վերացնել կարմիր գծերը եւ տեսախցիկները, ներդնել խախտումների պատժամիջոցների բալային համակարգ, նախկին տուգանքների եւ դրանց վրա եկած տույժերի մասնակի համաներման նկատմամբ հայտարարել ամբողջական համաներում:

 «Վարորդական իրավունքից ժամանակավոր եւ հիմնական զրկման համար պահանջում ենք սահմանել չափորոշիչներ, ապահովել մատչելի երթեւեկություն՝ ճանապարհների անհրաժեշտ բոլոր նշաններով հագեցմամբ եւ խաչմերուկների պատշաճ կարգավորմամբ: Մեր այս պահանջները պատրաստվում ենք բարձրաձայնել հունիսի 16-ին՝ ժամը 14:00-ին, Մերգելյան ինստիտուտից մեկնարկող եւ ՀՀ ճանապարհային ոստիկանության շենքի մոտ ավարտվող բողոքի ավտոերթի ժամանակ»,-ասաց Արմեն Եփրեմյանը:

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության խորհրդի անդամ Արսեն Պետրոսյանն էլ ասաց, որ շատ վարորդներ ունակ չեն վճարելու տուգանքների մայր գումարները, իսկ տոկոսների մասին խոսելն ավելորդ է:

«Պահանջում ենք վերացնել փողոցներում տեղադրված տեսախցիկները, քանի որ հստակ է՝ դրանք տեղադրված են զուտ մարդկանց գրպաններին խփելու համար: Այսպես մարդկանց ուղղակի թալանում են»,-նկատեց Արսեն Պետրոսյանը՝ նշելով, որ տեսախցիկներ տեղադրելով որ երթեւեկության որակն է բարձրացրել, ոչ էլ ավտոպատահարների թիվն է նվազել: