Անհրաժեշտ է այնպիսի մեխանիզմներ մշակել, որ Հայաստանի քաղաքացիներն ու տնտեսվարողները երաշխիքներ ունենան՝ որոշակի ժամկետներում հոսանքի չթանկացման վերաբերյալ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

«Ուղիղ մեկ տարի առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նույն հիմնավորումներով ապացուցում էր, որ անհրաժեշտ էր թանկացնել էլեկտրաէներգիան։ Այդ ժամանակ որեւէ խոսք չկար ընկերության վատ մենեջմենթի մասին։ Մինչդեռ, այսօր պարզ է դառնում, որ «ՀԷՑ»-ում տիրող ֆինանսական վատ վիճակի մասին տեղյակ են եղել եւ լռել են, քայլեր չեն ձեռնարկել»,- ասաց Աղվան Վարդանյանը։

ՀՅԴ-ական պատգամավորին այսօր մեկ հարց է մտահոգում՝ արդյոք մենք շարունակելու ենք պատանդ մնալ «ՀԷՑ»-ին, թե կարող ենք ազատվել այդ ընկերությունից եւ վերացնել մոնոպոլիան. «Մեր քաղաքացին եւ գործարարը պետք է երաշխիքներ ունենան, որ օրինակ, առաջիկա հինգ տարիներին էլեկտրաէներգիան չի թանկանա։ Հիմա ես խորապես համոզվում եմ, որ այդ ընկերությունն իր կառավարման մեթոդներով չի կարող երաշխավորել դրանք»։

Նշենք, որ խորհրդարանում ընթանում են լսումներ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ «ՀԷՑ»-ը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքը տասնյոթ դրամով թանկացնելու պահանջով։ ՀԾԿՀ-ն արդեն ուսումնասիրել է հայտը եւ ներկայացրել որոշման նախագիծ, որի համաձայն՝ էլեկտրաէներգիայի սակագինը օգոստոսի մեկից կբարձրանա 6.93 դրամով։