Հունիսի 11-ին Բրյուսելում կայացավ «Համագործակցության հնարավորություններ Հայաստանի եւ Բելգիայի միջեւ» խորագրով գործարար համաժողով, որը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Բելգիայում ՀՀ դեսպանության կողմից` Հայաստանի զարգացման հիմնադրամի եւ Բելգիա-հայկական առեւտրի պալատի հետ միասին` Վալոնիայի արտահանման եւ ներդրումների, Ֆլանդրիայի ներդրումների եւ առեւտրի գործակալությունների ու Բրյուսելի առեւտրի պալատի հետ համագործակցաբար:
Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը: Բացի վերոնշյալ կազմակերպություններից, համաժողովին մասնակցում էին շուրջ երեք տասնյակ բելգիական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ:
Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն իր բացման խոսքում նշեց, որ հայ-բելգիական բարեկամական հարաբերությունները, բարձր մակարդակի երկխոսությունն ու ակտիվ շփումները բարենպաստ պայմաններ են տնտեսության բոլոր բնագավառներում գործարար կապերի հաստատման ու զարգացման համար: Դեսպան Մարգարյանը նշեց նաեւ, որ Բելգիան ավանդաբար կարեւոր առեւտրային գործընկեր է հանդիսացել Հայաստանի համար, եւ Հայաստանը հետաքրքրված է` ընդլայնել իր ներկայությունը բելգիական շուկայում, ինչպես նաեւ ներգրավել բելգիական ներդրումներ:
Համաժողովի մասնակիցներին ուղղված իր ելույթում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական զարգացման հայեցակարգային մոտեցումները եւ հիմնական ուղղությունները` ընդգծելով այն առավելությունները, որ ՀՀ տնտեսությունն ունի ԵԱՏՄ անդամակցության, ԵՄ եւ այլ տարածաշրջանների հետ տնտեսական համագործակցության ներդաշնակ զարգացման արդյունքում: Նախարարը նշեց, որ այսպիսի բազմակողմ ներգրավվածությունը լուրջ առավելություններ է ստեղծում Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար:
Համաժողովի ընթացքում Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ներկայացրին Հայաստանում ներդրումային գործունեության ծավալման միջավայրը եւ կոնկրետ առաջարկներ:
Այնուհետեւ ներկա գործարարների մասնակցությամբ շահագրգիռ քննարկումներ ծավալվեցին: Մի շարք բելգիական ընկերությունների հետ քննարկվեցին նրանց առանձին ծրագրերն ու նախագծերը, ձեռք բերվեցին առաջիկայում Հայաստան այցելելու պայմանավորվածություններ:




























