Անցյալ տարվա ապրիլին ԱՄՆ երդվյալների դատարանը քննում էր հայտնի հանցագործ խմբավորման անդամ Հոլիվուդցի Մայքին, որը առավել հայտնի է Կապոնե մականունով։ Թվում է, թե ինչը կարող է ավելի տիպիկ ամերիկյան լինել, քան Կապոնե մականունով գանգստերը։ Միայն թե այս անգամ խոսքը ոչ թե իտալացիների մասին է, այլ հայերի։ Այս մասին գրում է գերմանական Bild պարբերականը՝ «Նոր Սիցիլիան գալիս է Հայաստանից» վերնագրով հոդվածում անդրադառնալով ամերիկյան մաֆիայում տեղի ունեցած սերնդափոխությանը։
Մաֆիոզի ընտանիքների մասին բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել, որոնք անմահացրել են Նյու Յորքի հին եւ բարի իտալական մաֆիան։ Սակայն կազմակերպված հանցագործությունները ժամանակի ընթացքում հրաժարվել են նույնքան հին եւ բարի ատրճանակից ու կադիլակից։ «Իտալացիներն արդեն զիջում են իրենց տեղը։ 5 մեծ իտալական ընտանիքները՝ Լուչեզե, Ջենովեզե, Գամբինո, Կոլոմբո եւ Բոնանո, այլեւս գրեթե չկան։ Դրանց անհետացմամբ ավանդական մաֆիան մոտք գործեց կազմակերպված հանցագործության ձեւաչափի նոր փուլ»,- ասում է Չիկագոյի համալսարանի կրիմինալոգիայի պրոֆեսոր Ռոբերտ Լոմբարդոն, մեջբերում է թերթը։
Այդ վերափոխումները մի շարք դատողությունների տեղիք են տալիս։ Նախ՝ ընտանիքը՝ որպես այդպիսին, այլեւս այդքան մեծ դեր չի խաղում մաֆիայում, ինչպես առաջ էր։ Սա գլոբալիզացիայի հետեւանքներից մեկն է։ Նախկինում այդքան կարեւոր ազգային պատկանելիության փակ սահմաններն այսօր բաց են։ Armenian Power հայկական խմբավորումը, օրինակ, հաճախ համագործակցում է ռուսների եւ մեքսիկացինեի հետ։ Ռուսական «Բրատվա» խմբավորումը աշխատում է սոմալիական գանգստերների հետ։ Դրանք հիմնականում սեզոնային բնույթ են կրում։ Այսինքն՝ կոնկրետ խաբեբայության համար նրանք միավորվում են, իսկ գործն ավարտելուց հետո ամեն մեկը գնում է իր ճանապարհով։
Հանցավոր խմբավորումները գնալով ավելի քիչ են ատրճանակներով շրջում փողոցներում։ Նրանք այսօր նստած են գրասեղանների հետեւում եւ զբաղվում են հարկային ու առողջապահական ոլորտներում խաբեբայություններ իրականացնելով։ Իհարկե մաքսանենգությունն ու թրաֆիքինգը ուղղակի չեն անհետացել մեր առօրյայից, պարզապես նրանք անցել են միջազգային կարտելների եւ փողոցային բանդաների հսկողության տակ եւ առավել քիչ՝ տեղական մաֆիոզիների։
Դասական ամերիկա-իտալական մաֆիան աստիճանաբար հեռանում է ասպարեզից։ Հիմա դա առավել շատ փոփ մշակույթի մաս է դարձել (ո՞վ չի կարոտում «Սոպրանոների կլանը»)։ Նրանց վերելքն ու անկումը իհարկե կապ ունի ոստիկանության խստացված հսկողության հետ, բայց այստեղ առանցքային դեր է խաղացել նաեւ հասարակությունում նոր ներգաղթյալների հայտնվելը։ Երբ առաջին իտալացիները հայտնվեցին ԱՄՆ-ում, նրանք ապրում էին գետոներում եւ հասարակության լուսանցքային խմբեր էին ներկայացնում, որոնք չէին կարողանում կերակրել իրենց ընտանիքները։ Այդ ամենը նրանց հարկադրեց դիմել հանցագործությունների, որոնց միջոցով, ինչպես գիտենք, նրանք կարողացան հաջողության հասնել։ Սակայն արդեն նրանց սերունդները վաղուց լքել են գետոները եւ ապրում են հարուստ առանձնատներում։ Նրանք հաջողակ բժիշկներ եւ փաստաբաններ են դառնում եւ դուրս են գալիս մաֆիայի շարքերից։ Իսկ հայերի դեպքում, ընդհակառակը, ընդամենը մի քանի տասնամյակ է, ինչ այդ էթնիկ խումբը հայտնվել է ն ԱՄՆ-ում եւ անցնում է այդ ճանապարհով, շարունակում է Bild-ը։
Գերմանական պարբերականը հարցում է ուղարկել ԱՄՆ ՀԴԲ գործակալներին՝ խնդրելով նշել առավել ազդեցիկ ազգային խմբավորումները, որոնք այսօր գործում են ԱՄՆ տարածքում։ Այդ տեղեկությունների համաձայն՝ նոր մաֆիոզիներ են դառնում հայերը, Աֆրիկայի ներգաղթյալները, ամերիկացիները ու ռուսները։
«Հայերը գլխավորապես իրենց ազդեցության գոտին հաստատել են Հարավային Քալիֆորնիայում։ Հայկական մաֆիան Քալիֆորնիայի ափերից դուրս այդքան էլ հայտնի չէ։ 3 տասնամյակների ընթացքում հայկական մաֆիան իր շարքերում 250 անդամ է հավաքել։ Հայերը մեծ կապեր ունեն ողջ աշխարհում եւ գործում են այնպիսի անհատների միջոցով, ինչպես օրինակ հայտնի Հոլիվուդցի Մայքն է։
Armenian Power բանդան ձեւավորվել է 1980-ական թթ. Արեւելյան Հոլիվուդում։ Երիտասարդ միգրանտները միավորվել էին, որպեսզի ողջ մնան Լոս Անջելեսի վտանգավոր փողոցներում, որտեղ տեր ու տնօրինություն էին անում այլ էթնիկ խմբերը։ Հայերը շուտով կարողացան համագործակցել մյուս էթնիկ խմբավորումների հետ եւ ընդլայնել իրենց ազդեցությունը»,- եզրափակում է թերթը՝ մեջբերելով ԱՄՆ ՀԴԲ-ին ուղարկած իր հարցման պատասխանը։





























