Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է օրինագծերի փաթեթ կազմել՝ բնական մենաշնորհների գործունեությունը կարգավորելու համար։ Այդ մասին խորհրդարանում կայացած լսումներին հայտարարել է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը։
Բնական մենաշնորհների (այդ թվում՝ կոմունալ ծառայությունների օպերատորների) աշխատակազմը պետք է կարգավորվի օրենքով, օրինակ, 500 սպառողի հաշվարկով։ «Ասենք, «Հայաստանի էլեկտրացանցերում» այժմ աշխատում է մոտ 7800 մարդ (հանրապետության խոշորագույն գործատուն է-խմբ.)։ Դա շա՞տ է, թե՞ քիչ։ Մենք ցանկանում ենք, որ այդ հարցը կարգավորվի օրենքով։ Նույնը վերաբերում է նաեւ «Գազպրոմ-Արմենիային»,- նշել է Նազարյանը։





























