Հյուսիսային պողոտայում Տերյան 25, 23, Լալայանց 37 շենքերի բնակիչներն, այսօր՝ հունիսի 12- ին, ընդդեմ նշված հասցեների շենքերի քանդման ստորագրահավաք-ակցիա են կազմակերպել:

Տերյան 25  շենքի բնակիչ Վարդան Գաբրիելյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ստորագրահավաք- ակցիայի նպատակն է  ստորագրությունների միջոցով ճշտել Երեւանի բնակիչների ցանկությունը, արդյոք նրանք այդ 3 շենքերի փոխարեն ուզում են հյուրանոց տեսնել, թե՝ ոչ:

«Մենք արդեն 3-րդ օրն է այս ակցիան անցկացնում ենք Հյուսիսային պողոտայում, եւ արդեն մեծ թվով՝ 1500, ստորագրություն ենք հավաքել: Հավաքած ստորագրությունները ներկայացնելու ենք ՀՀ կառավարությանը, քաղաքապետարանին, դատարան, քանի որ այս քաղաքը պատկանում է ոչ միայն նրանց, նաեւ ժողովրդին, եւ երեւանցիների ցանկությունը նույնպես կարեւոր է: Մենք չենք դադարելու պայքարել, չենք նահանջելու, մեր բնակարնները չենք պատրաստվում նվիրել թալանչիներին: Այս ակցիան Հյուսիսային պողոտայում անցկացնելու ենք 1 ամիս շարունակ»,-ասաց նա:

Նշենք որ ակցիայի մասնակիցները Հյուսիսային պողոտայում կանգնած են «Գերակա շահ չի նշանակում թալան», «Իմ տունն իմ ամրոցն է», «Ոչ քանդելուն» գրությամբ պաստառներով:

Հիշեցնենք, որ Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի բնակիչներին իրենց բնակարաններից հարկադիր վտարվում են։ Բնակիչները ծանուցվել են, որ այլեւս իրավունք չունեն բնակարանները վաճառել, բացառությամբ «Լոկալ դեվելոփերս» ընկերության, որը տնօրինում է Սամվել Մայրապետյանը։ Վերջինը 2007-ից առ այսօր լինելով մայրաքաղաքի Տերյան 23, 25 շենքերի  եւ Լալայանց  37 շենքի կառուցապատողը՝ դիմել է դատարան՝ բնակիչներին իրենց բնակարաններից հանելու համար:

Դատարանի որոշմամբ՝ բնակիչներից երկուսը պետք է երկամսյա ժամկետում լքեն իրենց բնակարանները: Իրենց բնակարաններից զրկվելու վտանգի առաջ են կանգնած մոտ 22 ընտանիք: