ՀՀ քաղաքաշինության նախարարությունում արդեն մեկ տարի է, ինչ ստեղծվել է կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչություն, որի նպատակն է ներդրումների խթանման համատեքստում Երեւանի եւ ՀՀ մարզերի համար կառուցապատման ներդրումային փաթեթների մշակումը:

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը մի շարք կառուցապատող ընկերությունների եւ բանկերի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Երեւանի քաղաքաշինական կարեւորագույն ծրագրերից մեկի՝ Ֆիրդուսի շուկայի տարածքի կամ 33-րդ թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը. Տարիների պատմություն ունեցող այս ծրագիրը շատ կարեւորում ենք, քանի որ այստեղ լուրջ խնդիրներ ունենք լուծելու, որոնցից առաջինն ու ամենակարեւորը տվյալ իրացման տարածքի բնակիչների փոխհատուցման՝ առայսօր չլուծված հարցն է: Նախարարի ներկայացմամբ՝ վերջին մեկ տարվա ընթացքում Ֆիրդուսի շուկայի տարածքի բնակիչների փոխհատուցման եւ տարածքի կառուցապատման համատեքստում շատ կոնկրետ քայլեր են ձեռնարկվել, մասնավորապես, վարչապետին կից ստեղծվել է աշխատանքային խումբ, բազմաթիվ հանդիպումներ են ունեցել բնակիչների հետ: Խնդրո առարկա տարածքի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումներին հաջորդել է տարածքի կառուցապատման հայեցակարգը, ներդրումային փաթեթը:

Ներկայացնելով 33 թաղամասի կառուցապատման ծրագիրն ու հայեցակարգը,  քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հորդորել է ներդրողներին՝ մասնակցել այս կարեւոր ծրագրի իրականացմանը:

Ֆիրդուսի թաղամասի ներդրումային ծրագրի գրավչությունն ու առավելությունը նախեւառաջ Հանրապետության հրապարակին հարակից լինելն է: Հանրապետության հրապարակի հարեւանությամբ գտնվող՝ ըստ Թամանյանի գլխավոր հատակագծի՝ Հարավային պողոտայի (ներկայիս Տիգրան Մեծի փողոցին հարակից) 5 հեկտարից ավելի տարածքում ներկայացված նախագծով նախատեսվում է բավական մեծ (85 մ տրամագծով), կլոր հրապարակ, մի շարք նոր փողոցներ, հասարակական եւ սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ եւ հյուրանոցներ: Ընդ որում, հանրային տարածքները լինելու են իրացման տարածքի կեսից ավելին:

Առավելությունների թվում է նաեւ այն, որ տարածքի բոլոր հուշարձան շենքերը մնում են իրենց տեղում, այսինքն, իրացման գոտին շրջանցում է այդ շենքերը:

Հանրապետության հրապարակին կից հատվածում բարձրությունները սահմանափակ են լինելու՝ Հանրապետության փողոցին եւ հրապարակին հարող բարձրությունները կլինեն 5-7 հարկ, կենտրոնական հրապարակը կունենա մինչեւ 30-36 մետր բարձրություն:

Ինչ վերաբերում է բնակելիներին, ապա դրանք կթույլատրվի կառուցել այն լոտերի սեփականատերերին, որոնք կունենան սպասարկման համար անհրաժեշտ բակային տարածքներ:

Ի դեպ, կառուցապատման ենթակա տարածքը ապագայում նոր փողոցով կկապվի վերնիսաժի հետ եւ քանի որ տարածական առումով մոտ են, հնարավոր է, այն եւս մշակութային, վերնիսաժային գործառույթներ ունենա: 

Ավելացնենք, որ կլոր հրապարակի տակ նախատեսված են մի քանի հարկ ստորգետնյա կայանատեղեր: Ներկայացված ճարտարապետական եւ քաղաքաշինական լուծումները եւ հատակագծային կառուցվածքը քննարկվել է ճարտարապետական հանձնաժողովի կողմից եւ հավանության արժանացել, եղել են մի քանի առաջարկություններ, որոնք կառուցապատման ընթացքում հաշվի կառնվեն:

Ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է կառուցապատել շուրջ 200.000 քմ մակերեսով շենքեր եւ շինություններ: Ցանկացած ներդրող գործ կունենա միայն հողամասը ձեռք բերելու հետ, իրացման հարցերն ամբողջությամբ կիրականացնեն կառուցապատող ընկերությունները՝ ՀՀ կառավարության համակարգման ներքո: Ինժեներական կոմունիկացիաները՝ գազ, ջուր, էլէներգիա, կիրականացվեն համապատասխան ընկերությունների կողմից, բարեկարգման լուսավորության, ասֆալտապատման խնդիրը եւս չի ծանրանա ներդրողի ուսերին:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 3-4 տարում: Նախագծի ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի մոտ 300 միլիոն դոլարին համարժեք դրամ: