ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական ծառայությունների բյուրոն տեխնիկական անսարքության պատճառով ժամանակավորապես դադարեցրել է վիզաների եւ արտասահմանյան անձնագրերի տրամադրումը իր դեսպանատներում:

Խնդիրը չի վերաբերում կոնկրետ որեւէ երկրի, քաղաքացիության մասին փաստաթղթի կամ վիզային կատեգորիայի, հայտնել է պետքարտուղարության մամուլի ծառայությունը: Միջադեպի պատճառը սարքավորման անսարքությունն է, որտեղ պահվում է հյուպատոսական տվյալների բազան:

Հունիսի 9-ից հետո հայտ ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ձեւակերպումները կհետաձգվեն: Նշվում է, որ խնդիրը վերաբերում է բացառապես ԱՄՆ օտարերկրյա ներկայացուցչություններին: