Լրատվամիջոցների հրապարակումները չեն կարող համարվել սուտ մատնություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Սեյրան Օհանյանի դատախազություն դիմելուն եւ սուտ մատնություն հոդվածով քրեական գործ հարուցելու պահանջին:
Նա նշեց, որ սուտ մատնությունը համարվում է ֆիզիկական անձի կողմից հանցագործության բլանկի վրա արված հաղորդումը համապատասխան քրեական պատասխանատվության մասին նախազգուշացումից հետո: «Այսինքն՝ երբ մարդը գալիս է, ասում՝ հանցագործության մասին հաղորդում եմ ուզում տալ, ընդունողը պարտավոր է զգուշացնել համապատասխան պատասխանատվության մասին, այնուհետեւ քաղաքացին ստորագրում է դրա տակ, նոր հայտնում տեղեկությունը»,-պարզաբանեց փաստաբանը:
Նա նշեց, որ պետք է սպասել, թե ինչ ելք է ունենում նյութերի նախապատրաստումը եւ եթե հանկարծ գործ հարուցվի «սուտ մատնության» հատկանիշներով, ապա պետք է սպասել,թե ինչպես են այն հիմնավորում: Հարցին, թե դիմող կողմը պատճառաբանել է, որ չի գտնում մյուս կողմին, կոնտակտային տվյալները գոյություն չունեն, այդ պատճառով դիմել է Դատախազություն, փաստաբանն ասաց, որ սա զուտ քաղաքացիաիրավական հարաբերություն է, եւ Սեյրան Օհանյանը այս դեպքում դատախազությանը օգտագործում է որպես օպերատիվ-հետախուզական մարմին: «Եթե կարելի է օգտագործել այդ մարմինը, լավ են անում: Հնարավոր է՝ Գեւորգ Կոստանյանը չի ուզում հետ վերադարձնել նյութերը»,-ասաց փաստաբանը:
Ավելի վաղ դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ պաշտպանության նախարարին, նրա ընտանիքին, ՀՀ պաշտպանության նախարարության համակարգը վարկաբեկող, ինչպես նաև որոշ հանցագործությունների համար մեղադրանք պարունակող հրապարակումներում նշված դեպքերի իսկությունը ստուգելու և համապատասխան իրավական գործընթաց ձեռնարկելու միջնորդությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից 27.05.2015թ. ՀՀ գլխավոր դատախազին դիմելուց հետո, նկատի ունենալով, որ վերոնշյալ նյութերում առկա է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվություն, մասնավորապես ՀՀ պաշտպանության նախարարի տիկնոջ՝ Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանի Հովհաննես Հայրապետյանի` մահվան ելքով վթարին մասնակցության վերաբերյալ, ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից վերոնշյալ նյութերն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն՝ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան ընթացքը լուծելու համար:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաստատվել է, որ Հովհաննես Հայրապետյանի մահվան ելքով 12.06.2002թ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 25.04.2003թ. դատավճռով Աննա Հայկի Խաչատրյանը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամանակով: Հետևաբար, նշված դեպքին Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանի մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործը պահանջվել է ուսումնասիրելու համար:
Նկատի ունենալով, որ «Հայկական ժամ» ինտերնետային լրատվական կայքում հրապարակված հոդվածները սուտ տեղեկություններ են պարունակում վերոհիշյալ վթարը Ռուզաննա Խաչատրյանի կողմից կատարված լինելու մասին, քննարկվում է սուտ մատնության հատկանիշներով քրեական գործ հարուցելու հարցը:





























