Հակառակորդի կողմից հրազենային վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Գեւորգ Եղիազարյանին այժմ ֆիզիկապես պատրաստում են Գերմանիա մեկնելու համար:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վիրավորված զինծառայողի մայրը՝ Նաիրա Գալստյանը, հայտնեց, որ Գեւորգին օրական մի քանի րոպեով նստացնում են, որ կարողանա թռիչքին դիմանալ:

«Բուժման կուրսն ավարտել է, այնպես չէ, որ շատ վատ է, կամ շատ լավ, ամեն դեպքում համեմատաբար լավ է: Հիմա էլ բժշկի ցուցումներով օրական մի քանի րոպե նստացնում ենք, որ սովորի եւ թռիչքի ժամանակ խնդիրներ չունենանք»,- ասաց մայրը՝ նշելով, որ անցած անգամ էլ՝ նախքան Իսրայել մեկնելը, Գեւորգին մի քանի ամիս պատրաստել են:

Նաիրա Գալստյանը հայտնեց, որ անհրաժեշտ փաստաթղթերն են այժմ հավաքում եւ խոստացավ մեկնելուց առաջ բոլորին տեղեկացնել այդ մասին:

Հիշեցնենք, որ Գեւորգ Եղիազարյանը վիրավորվել է 2011թ. դեկտեմբերի 27-ին,  վնասվել է նրա ողերն ու ողնաշարը: Արդեն 3 տարի զինծառայողը տեղաշարժվել չի կարողանում: Հարազատների խոսքով՝ նրա բուժումը հնարավոր է միայն արտասահմանում:

Գեւորգ Եղիազարյանին օգնելու համար «Յունիբանկ»-ում բացվել էր հաշվեհամար հոր՝ Էդիկ Եղիազարյանի անունով: Անհրաժեշտ 56 հազար ԱՄՆ դոլարից 43 հազարը հավաքվել էր հանգանակություններով: Մնացած մասը մայիսի 7-ին փոխանցել էին կառավարության անդամները: