Թբիլիսիի կենդանաբանական այգու ավելի քան 300 կենդանիներ են սատկել ջրհեղեղից: Նրանց մի մասը սատկել է հենց տեղում, ջրհեղեղի ժամանակ, մյուսներին, որոնք փախել են վանդակներից, սպանել են հատուկջոկատայինները: Այս մասին հայտարարել են կենդանաբանական այգու վարչակազմից:

«Կենդանաբանական այգում ավելի քան 600 կենդանի կար, որոնց կեսը ողջ է մնացել: Փախուստի դիմած գազանների մի մասին ոչնչացրել են, մյուս մասին տեղափոխել են անվտանգ վայր: Այս պահին մաքրման աշխատանքներ են իրականացվում:

Արդեն հայտնի է, որ մեր սիրելի սպիտակ առյուծին սատկած են գտել»,-լրագրողներին հայտնել են կենդանաբանական այգու աշխատակիցները:

Ավելի վաղ կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն հայտարարել է, որ որոշ փախած կենդանիների հատուկջոկատայինները սպանել են առանց հատուկ անհրաժեշտության: