«Նոյեմբերի 5»-ի գործով հացադուլ հայտարարած դատապարտյալներ Շանթ Հարությունյանը եւ Վարդան Վարդանյանը գտնվում են առանձին խցում՝ բժիշկների հսկողության տակ: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասցա ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Նա նշեց, որ նրանց առողջական վիճակը բավարար է: Վաղը Տեղաբաշխման հանձնաժողովը կքննարկի Շանթ Հարությունյանի դիմումը՝ իրենց առանձին խուց տեղափոխելու վերաբերյալ: Հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում Շանթ Հարությունյանի կյանքին սպառնացող վտանգի մասին լուրերը ՔԿՎ Հանրային կապերի բաժնի պետը պատասխանեց, որ ոչ միայն Շանթի, այլ մյուս բոլոր դատապարտյալների անվտանգությունը ապահովելն իրենց խնդիրն է:

Նշենք, որ հացադուլ հայտարարած Շանթ Հարությունյանը ցանկանում է տեղափոխվել առանձին խուց, քանի որ մտահոգություն ունի, որ իր կյանքին վտանգ է սպառնում: Նա այդ առթիվ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Դիմել եմ «Վարդաշեն» ՔԿՀ պետին, որպեսզի ինձ եւ ընկերներիս տեղափոխեն բանտախուց, քանի որ ռուսական ԿԳԲ-ն ՀՀ ԿԳԲ-ի իր գործակալների միջոցով ուզում է ինձ սպանել, մասնավորապես՝ գեներալ Արզուման Հարությունյանը, ով ոչ միայն ռուսական, այլեւ Ադրբեջանի ԿԳԲ-ի գործակալ է, եւ գիտի, որ ես տեղեկություն ունեմ այդ մասին:

Ելնելով վերը գրվածից, համոզված եմ, որ ինձ սպանելու վտանգը մինիմալի կհասցվի, եթե ես իմ երկու ընկերների հետ կալանքս կրեմ բանտախցում: Եթե նույնիսկ սպանվեմ, ընկերներս կիմանան, իսկ մյուս կալանավորները անտեղի չեն տուժի»:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը 2014թ-ի հոկտեմբերի 17-ին Շանթ Հարությունյանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման։ Այս տարվա փետրվարին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի որոշումը: Վճռաբեկը բողոքը վարույթ չէր ընդունել: