Թբիլիսիի կենդանաբանական այգու եւ կենդանիների 70 տոկոսը վերացած է, ցեխը ջրի հետ խառնվել է, ջրի մակարդակը 3մ բարձրացել է եւ դրա հետեւանքով Կենդանաբանական այգու աշխատակիցներից երեքը մահացել են, որոնցից մեկը կենդանիներին էր փրկում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Կենդանաբանական այգուց (ֆոտոռեպորտաժ):
Նշենք, որ Երեւանի Կենդանաբանական այգուց Թբիլիսի օգնության է մեկնել 5 հոգի՝ կենդանաբույժ, կուրատոր, սմբակավորների եւ գիշատիչների բաժնի պատասխանատուներ: Նրանք մեկնել են Վրաստան թմրեցնող դեղորայքով, որպեսզի կենդանաբուժական օգնություն ցուցաբերեն:
Երեւանի Կենդանաբանական այգու աշխատակիցները Թբիլիսում այժմ զբաղված են որոնողական աշխատանքներով, տեղափոխմամբ, կենդանիների հետքեր գտնելու դեպքում խմբեր են կազմում ու գնում կոնկրետ ուղղություններով: Առայժմ հաջողվել է գտնել փախած արջերից մեկին եւ քնեցնել: Երեւանում քննարկվում է հավելյալ օգնություն ուղարկելու հարցը, ինչպես նաեւ այն, որ այնտեղի կենդանաբանական այգու կենդանիներին կարող են որոշ ժամանակ պահել Երեւանի կենդանաբանական այգում, մինչեւ Վրաստանում կվերականգնվի ամեն ինչ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի կենդանաբանական այգու չորս աշխատակիցներ օգնություն ցուցաբերելու համար ուղեւորվել են Թբիլիսի։
«Քիչ առաջ Թբիլիսի ուղեւորվեցին Երեւանի կենդանաբանական այգու աշխատակիցներից չորսը՝ Թբիլիսիի կենդանաբանական այգու մեր գործընկերներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով։ Օգնության խմբի ուղեւորության ծախսերը հանձն է առել Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը»,- ասվում է Երեւանի կենդանաբանական այգու տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ հեղեղումը Թբիլիսիում եղել է կիրակի գիշերը, աննախադեպ տեղատարափից հետո։ Վերջին տվյալներով զոհվել է 13 մարդ, եւս 37-ը վիրավորվել են։ Տարերքը վնասել է մայրաքաղաքի ճանապարհներն ու ենթակառուցվածքները։ Հեղեղվել էր նաեւ գազանանոցը, ինչի հետեւանքով տասնյակ կենդանիներ հայտնվել էին ազատության մեջ։
Այս պահի դրությամբ, անհետ կորած են համարվում 24 մարդ, նրանց որոնումներն իրականացվում են ինտենսիվ ռեժիմով։
Թբիլիսիի կենտրոնական շրջաններում շարունակվում է փախած կենդանիների որոնումը, շրջում են ուղղաթիռներ, բնակիչներին կոչ են արել դուրս չգալ փողոց։





























