Հունաստանն ու միջազգային վարկատուները բանակցութունների հերթական փուլի ընթացքում չեն կարողացել համաձայնության գալ Աթենքի պետական պարտքի կարգավորման հարցում։
Հունաստանի փոխվարչապետ Յաննիս Դրագասակիսը հայտարարել է, որ Հունաստանի պատասխան առաջարկները հանձնել է գործընկերներին, սակայն պատասխան չի ստացել։ Նրա խոսքով՝ թեեւ Հունաստանի առաջարկն ամբողջովին փակում է բյուջեի ճեղքվածքը, վարկատուները համառորեն պնդում են թոշակային վճարները կրճատել ՀՆԱ 1 տոկոսի չափով ու նույնքան էլ ավելացնել ԱԱՀ-ն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ինչպես գրում է AFP-ն, վկայակոչելով Եվրահանձնաժողովում իր անանուն աղբյուրները, Հունաստանի եւ վարկատուների բանակցությունների վերջին փուլը, որը կայացել է Բրյուսելում, կողմերի միջեւ առկա տարաձայնությունների պատճառով ավարտվել է առանց համաձայնագրի ստորագրության։
Ըստ գործակալության տեղեկությունների՝ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա հունիսի 18-ին Բրյուսելում։





























