Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը տեսանելի ապագայում բացառված է։ Այսօր՝ հունիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը։
«Նույնիսկ տեսականորեն բացառված է, որ Ադրբեջանն անդամակցի ԵՏՄ-ին, քանի որ այդ երկրի շահերն այլ են»,- ասաց Լեւոն Մարտիրոսյանը։
Մինչդեռ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերի բացման արարողությանը, ապացուցում է ՌԴ-ի ակնկալիքները։
«Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին հասկացնել, որ երկու երկրների միջեւ առեւտրային հարաբերությունները կարող են խորանալ, եթե Ադրբեջանը որոշի միանալ Եվրասիական տնտեսական միությանը։ Բացի դրանից՝ ՌԴ-ի կողմից քաղաքական ճնշումներն ավելի արդյունավետ են, քան Հայաստանի վրա ճնշումները»,- ասաց քաղաքագետը։





























