Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը եւ ԵՄ-ում ՀՀ առեւտրական կցորդ Վարոս Սիմոնյանը հանդիպել են Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) գլխավոր քարտուղար եւ գործառնությունների հարցերով տնօրեն Կլաուս Տրոմելի հետ:
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից հայտնում են, որ ողջունելով ՀՀ պատվիրակության անդամներին պարոն Տրոմելն ընդգծել է, որ էկոնոմիկայի նախարարը ՀՀ կառավարության առաջին անդամն է, որ այցելում է ԵՆԲ եւ դա շատ խորհրդանշական է։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կարեւորել է Եվրոպական ներդրումային բանկի՝ մեր երկրում իրականացվող ծրագրերի շարունականությունը, ինչպես նաեւ ԵՆԲ-ի հետ համագործակցության խորացման հեռանկարները` պայմանավորված Եվրոպական Ներդրումային բանկի եւ Հայաստանի զարգացման հիմնադրամի միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի եւ ԵՆԲ պաշտոնյաների ներկայությամբ, ԵՆԲ գլխավոր քարտուղարի եւ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի կողմից ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` Եվրոպական Ներդրումային բանկի եւ Հայաստանի զարգացման հիմնադրամի միջեւ:
Երկուստեք ընդգծվել է, որ վերոնշյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ կողմերը վերահաստատում են իրենց հետաքրքրությունն ու կամքը Հայաստանի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ համագործակցությանը նոր որակ ու բովանդակություն հաղորդելու վերաբերյալ, հայտնում իրենց մտադրությունը բացելու նոր հնարավորություններ ներդրումային ծրագրերի մշակման եւ ներդրումների ներգավման, ներքին եւ արտաքին ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրերի համաֆինանսավորման, տեխնիկական օժանդակության, արտահանման դիվեսիֆիկացման եւ աշխատատեղերի ստեղծման համար։





























