Հայաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի հիշատակը։ Լռության րոպեով հարեւան ազգին համերաշխություն հայտնելու առաջարկը արտահերթ նիստի մեկնարկին արեց ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը։
«Թբիլիսիում ավերիչ ջրհեղեղ է տեղի ունեցել, որը մարդկային կյանքեր է խլել։ Կիսելով վրացի ժողովրդի ցավը՝ առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»,- հայտարարեց Սահակյանը։
Հիշեցնենք, որ հեղեղի պատճառած վնասը կազմում է մոտ 18 մլն դոլար։ Հեղեղները ավերել են Թբիլիսիի կենդանաբանական այգին եւ մի շարք բնակելի տներ։ Հեղեղվել են Թբիլիսիի կենտրոնական փողոցները, վնասվել ենթակառուցվածքները։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ զոհվել է 12-15 մարդ, որոնց թվում՝ 2 հայուհի։ Եվս 37 մարդ վիրավորվել է։ Ավելի քան 20 մարդ անհետ կորած է համարվում։





























