Կենտրոնական բանկի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ այս շաբաթվա ընթացքում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 73,5 մլն դոլար եւ վաճառվել 75,3 մլն դոլար։ Ստացվում է, որ ֆինանսական շուկայում դոլարի նկատմամբ պահանջարկն ավելի մեծ է, քան դրամի, սակայն արժեւորվում է ոչ թե դոլարը, այլ դրամը։ Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում սա ներբանկային շուկայում դոլարի վաճառքի ամենամեծ ծավալն է։

Այնուամենայնիվ՝ դոլարն այդ ընթացքում շարունակել է արժեզրկվել, իսկ դա նշանակում է, որ փոխանակման կետերում իրականացվող շրջանառության մի մասը հնարավոր է՝ ԿԲ-ի կողմից չի ֆիքսվում։

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում այս շաբաթ իրականացվել է 15,4 մլն դոլարի առք եւ վաճառք՝ 5 անգամ ավելի քիչ, քան ներբանկային շուկայում։ Այնուամենայնիվ՝ հենց բորսայում իրականացվող գործարքներն են հանդիսանում փոխարժեքի վրա ազդող հիմնական լծակները։ Նշենք, որ բորսայում տեղի են ունենում անկանխիկ գործարքներ, իսկ ներբանկային շուկայում՝ կանխիկ։ Հայաստանի ֆինանսական շուկան դեռեւս պահպանում է ստվերային տնտեսությամբ երկրներին բնորոշ այն առանձնահատկությունը, ըստ որի դրամային գործարքների մեծ մասը տեղի է ունենում կանխիկի տեսքով։

Քանի որ բանկերի մոտ անկանխիկ արտարժույթի նկատմամբ պահանջարկը խիստ անկայուն է, այդ պատճառով բորսայում հաճախ արտարժույթի ոչ մեծ խմբաքանակները գնորդներ չեն գտնում, որն էլ ստեղծում է դրամի արժեւորման իմիտացիա։ Այսինքն՝ բորսայական գործարքներով ձեւավորվող փոխարժեքը ավելի սպեկուլյատիվ բնյույթ ունի եւ չի արտահայտում ֆինանսական շուկայի իրական միտումները։

Հնարավոր է՝ դրամին որոշ չափով «օգնել» է վարկային շուկայի ապադոլարայնացման գործընթացը, որը սկիզբ է առել հուլիսի կեսերից եւ բնութագրվում է դրամային վարկերի ավելի մեծ տեսակարար կշռով։ Բացի այդ՝ հուլիսի վերջին շաբաթը բավական ակտիվ է եղել վարկային շուկայում։ Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 19.8 մլրդ դրամ (համարժեք է 54 մլն դոլարին), իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է  41.7 մլն դոլար: