Միջպետական Մ2 ճանապարհի Գորիսից Կապան հատվածի հիմնանորոգումը սկսվել է 2014 թվականին: 5 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածից 2.2կմ-ը շահագործման է հանձնվել դեռ անցյալ տարի:

Վերանորոգված հատվածում ամբողջովին փոխվել է ճանապարհի հիմքը, փռվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, տեղադրվել են արգելափակոցներ, ճանապարհային նշաններ, հիմնանորոգվել են ճանապարհամերձ առուները:

Այս պահին բուռն թափով կառուցվում է մնացած ճանապարհահատվածների հիմնատակը: Իսկ ճանապարհի ենթաշերտը պատրաստելու համար կօգտագործվի ջրթափանց գրունտ: Կտեղադրվի խճային հիմք, կվերամշակվի բիտումով, ապա կփռվի երկշերտ ասֆալտ: Անցյալ ամիս Կապանի ճանապարհաշինական ընկերության կողմից կատարվել են հորատապայթեցումներ՝ ճանապարհի ոլորապտույտ հատվածները լայնացնելու նպատակով:

«Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ի գլխավոր ճարտարագետ Սերգեյ Առուստամյանի խոսքով՝  ըստ նախագծի ճանապարհի վերակառուցվող հատվածներում նախատեսված են թե՛ լայնական, թե՛ երկայնական թեքությունների բարելավման, ճանապարհների շառավիղների մեծացման աշխատանքներ, որպեսզի մեքենաները հեշտությամբ անցնեն կորերը:

Վերակառուցվող ճանապարհի ասֆալտն, ավազն ու խճաքարն ապահովում է Կապանի ասֆալտի գործարանը: Այն հագեցած է ժամանակակից ավտոմատացված տեխնիկայով: Գործարանն ունի բարձր արտադրողականություն, տարբեր հզորության քարջարդիչ սարքավորումներ, ինժեներատեխնիկական մասնագետներ, ովքեր ճանապարհաշինական աշխատանքներում հմուտ են եւ արհեստավարժ։

Հիմնանորոգվող ճանապարհի շինարարությանն ուշի ուշով հետեւում են ճանապարհային տեխհսկիչները՝ արձանագրելով բացթողումները եւ ապահովելով վերակառուցվող ճանապարհի որակը:

«Իրականացվում է ամենօրյա տեխհսկողություն, որպեսզի բոլոր աշխատանքներն իրականցվեն ըստ նախագծանախահաշվարկային փաստաթղթերի»,- ասաց «Աստիճան» ՍՊԸ-ի տեխհսկիչ Գագիկ Կարապետյանը:

Հիմնանորոգվող ճանապարհահատվածի աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի միջոցներով՝ «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում: Ըստ պայմանագրային պարտավորության՝ ճանապարհը պետք է շահագործման հանձնվի այս տարվա հոկտեմբերին:

«Աշխատանքների ընդհանուր պայմանագրային գինը կազմում է շուրջ 933 մլն դրամ: 2014 թվականին կատարվել է շուրջ 445 մլն. դրամի աշխատանք, որի արդյունքում առանձին հատվածներից երկուսն ամբողջությամբ հանձնվել է շահագործման: Մնացած հատվածներում այս պահին ընթացող աշխատանքները պետք է ավարտին հասցվեն 2015 թվականի հոկտեմբերի 30-ին»,- տեղեկացրեց «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի ծրագրերի ղեկավար Վարդան Կարապետյանը:

Երեւանից մինչեւ Իրանի սահման միջպետական ճանապարհը վերակառուցումից հետո ոչ միայն կկրճատի բեռնափոխադրող մեքենաների ճանապարհին ծախսած ժամանակը, այլեւ ավելի հաճելի կդարձնի ճանապարհորդությունը դեպի մեր երկրի հարավային դարպաս:

Ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում նաեւ Սիսիանում: Հիմնանորոգվում է 5 համայնքներն իրար կապող 29 կմ ընդհանուր երկարությամբ հանրապետական նշանակության ճանապարհը: Աշխատանքները մեկնարկել են ամռան սկզբից:

«Այս պահի դրությամբ կատարվում են հողային շերտի պատրաստման, բետոնային կոնստրուկցիաների, եզրաքարերի տեղադրման աշխատանքներ: Ըստ պայմանագրի՝ այս պահին հիմնանորոգվող հատվածի աշխատանքները պետք է ավարտվեն նոյեմբերի 30-ին»,- նշեց «Սիսիանի Բուատ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Անդրեասյանը:

Ճանապարհահատվածի վերակառուցումը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» ծրագրի շրջանակներում եւ համաֆինանսավորվում պետական բյուջեի կողմից: