Լեզվի պետական տեսչության նախկին պետ, լեզվաբան Լավրենտի Միրզոյանը կարծում է, որ հայոց լեզու առարկայի բուհական ընդունելության քննության կարգը պետք է փոփոխվի: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց լեզվաբանը՝ նշելով, որ ներկայիս թեստերի պատճառով են դիմորդները կտրվում են մայրենիի քննությունից։

«Պետք է համապատասխան մասնագետները հավաքվեն, քննարկեն, թե ինչպես պետք է կազմակերպել հայոց լեզվի քննությունը։ Չի կարելի միայն պատասխանների առջև նշան դնելով քննություն տալ։ Երեխան նույնիսկ պատահականության սկզբունքով կարող է դնել նշանը, անգամ եթե պատասխանը չգիտի։ Նման  քննությունը ընդունելի չէ, և դրա բացասական  հետևանքն այն է,  երբ արդեն բուհում ուսանողները 150 բառ պարունակող տեքստում 50 սխալ են անում»,-ասաց նա։

 Լավրենտի Միրզոյանը խոսքով՝ հայոց լեզվի դերն այժմ նվազում է, քանի որ Հայաստանում ավելի մեծ հեղինակություն են վայելում տարբեր օտարերկրյա հեղինակավոր բուհեր, որտեղ ուսուցումը տվյալ երկրի լեզվով է:

«Դիմորդները ձգտում են սովորել այնտեղ, և իրենց համար ժամանակի ընթացքում հայոց լեզուն դադարում է մայրենի լինել։ Հայկական բուհերը պետք է բարձրացնեն իրենց հեղինակությունը, այլապես ուժեղները կուլ կտան իրենց»,-հավելեց նա։