Ակտիվիստ Շահեն Հարությունյանի արարքը կամ կարելի է ընդունել կամ ոչ։ Պարզ է մի բան. նա դա արել է իր հոր համար։ Այս մասին հունիսի 15-ին լրագրողներին հայտնել է խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Սա մի կողմն է։ Իսկ եթե նայենք ֆուտբոլային տեսանկյունից, ապա պետք է դեռ հասկանանք, թե ՈւԵՖԱ-ն դրա համար մեզ կտուգանի, թե ոչ։ Պետք է տարբեր կողմերից դիտարկենք»,- ասաց Շարմազանովը։ Հարցին, թե ինչպես կարող է փոխվել աշխարհում Հայաստանի ընկալումը այն բանից հետո, երբ «Ազատություն Շանթ Հարությունյանին» պաստառն իր ձեռքը վերցրեց աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, Շարմազանովը պատասխանեց ֆուտբոլային հնարքի ոճով. «Աշխարհահռչակ ֆուտբոլիստն ինձ համար Հենրիխ Մխիթարյանն է»։
Նշենք, որ հունիսի 13-ին կայացած Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ մարզադաշտ էր վազել անկարգությունների համար ձերբակալված «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։





























