«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, Հայաստան-Պորտուգալիա հանիդիպումից դեռ 1 օր առաջ էր որոշել մտնել խաղադաշտ: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Շահեն Հարությունյանը:

«Առավոտյան արթնացա ու որոշեցի, որ պետք է մտնեմ դաշտ, բայց դաշտ մտնելը պետք է ինքնանպատակ չլիներ, արկածախնդրությունից դրդված չէի ուզում մտնել, այլ քաղաքական ակցիա անցկացնելու նպատակ ունեի: Որոշել էի՝ երկրորդ րոպեին մտնել դաշտ, բայց Հայաստանի գրոհն էր, մտածեցի՝ Հայաստանի գոլը կփչացնեմ, սպասեցի, որ պորտուգալացիները գրոհեն, հենց իրանք գրոհեցին, ես էլ գրոհեցի: Դժվար էր ոստիկանական պատը ճեղքելը, բայց էդ պահին համարյա բան չես մտածում, էդ պահին մենակ հավատն ա ուժ տալիս, որ մտնես, էդ գործողությունն անես»,- ասաց Շահեն հարությունյանը՝ նշելով, որ ցանկացել է արտասահմանյան մամուլի ուշադրությունը հրավիրել Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստի վրա,այդ պատճառով էլ հետը անգլերեն գրությամբ պաստառ է վերցրել:

Պատսառը մարզադաշտ մտցնել հաջողվել է այն Հայաստանի դրոշի մեջ թաքցնելու շնորհիվ:

Շահեն Հարությունյանը նշեց, որ ակցիան իր սպասվածից ավելի մեծ արդյունք է տվել, քանի որ արտասահմանյան մի շարք առաջատար կայքեր անդրադարձել են իր ակցիային:

Դաշտում իր արագ վազելու պատճառն, ըստ Շահենի, այն է, որ ինքը երկար տարիներ ֆուտբոլով է զբաղվել, սակայն ստիպված է եղել դադարեցնել ֆուտբոլի պարապմունքները նոյեմբերյան իրադարձություններից հետո: 

Ակցիային ոստիկանությունը Շահեն Հարությունյանին  բերման ենթարկելուց հետո նրան վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ արձանբագրություն չի կազմել: 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստան - Պորտուգալիա Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում խաղադաշտ է ներխուժել երկրպագու, որին մի փոքր ուշացումով ոստիկանները կարողացել են հեռացնել դաշտից: Երկրպագուն Շահեն Հարությունյանն էր՝ քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի որդին, որը խաղադաշտ էր մտել հոր լուսանկարով վերնաշապիկը հագին:

Շահեն Հարությունյանին խաղադաշտից բերման էին ենթարկել եւ հանդիպման ավարտից ամիջապես հետո ազատ արձակել: