Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի գործը չի վերաքննվի: Այսօր՝ հունիսի 15-ին,  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած Մհեր Ենոքյանն ընդդեմ գլխավոր դատախազության արտագնա նիստին նման որոշում կայացրեց նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ պատճառաբանելով, որ 19 տարի անց քրեական գործում նոր երեւան եկած հանգամանքների հիմքով վարույթ հարուցելու պահանջն անհիմն է:

Մհեր Ենոքյանին սատարելու եկած նրա հարազատները եւ ընկերները որոշման հետ համաձայն չէին.  նրանք «ամո՛թ, ամո՛թ» գոռալով բողոքում էին այդ որոշման դեմ՝ նշելով, որ դատարանը ծախված է, իսկ ՀՀ-ում չկա արդարադատություն։

Որոշման հրապարակումից առաջ ցմահ ազատազրկված Ենոքյանը իր ելույթում նշեց, որ լրացուցիչ ցուցմունքներ է ուզում տալ եւ այդ կապակցությամբ դիմում է գրել ՀՀ գլխավոր դատախազին եւ խնդրել հնարավորություն տալ ցուցմունք տալու։ Նրա խոսքով՝ դատախազին ուղղված դիմումով նա խնդրել է նաեւ ապահովել իր եւ իր ընտանիքի եւ այն անձանց անվտանգությունը, որոնք արդարադատության շահերից ելնելով, փորձում են պաշտպանել իր իրավունքները. «Անհասկանալի պատճառներով դատախազությունը անտեսում է եւ չի ցանկանում որեւիցե կերպ արձագանքել իմ դիմումին։ Չեմ հասկանում ձեզ հետաքրքիր չէ՞, թե ինչ ցուցումունքներ եմ տալու, կամ ինչ է պատահել, որ ես սկսել եմ անհանգստանալ իմ անվտանգության համար»։

Մհեր Ենոքյանը նաեւ նշեց, որ 19 տարի անց իրեն հայտնի է դարձել, որ տուժող կողմի օրինական ներկայացուցիչ՝ Իոսիֆ Աղաջանովի հայրը ՀՀ գլխավոր դատախազությանը նամակ է ուղղել, որով պահանջել է բազմաթիվ եւ օբյեկտիվ քննություն անցկացնել, նաեւ  հայտնել, որ ունի տվյալներ,  որ իր որդու սպանության մեջ բազմաթիվ այլ մարդիկ են ներգրավված, որը նույնպես անպատասխան է մնացել ՀՀ գլխավոր դատախազի կողմից։

« ՀՀ գլխավոր դատախազությունը կրկին չի արձագանքնել այդ նամակին: Աղաջանովի հայրը նշել է, որ ՀՀ դատախազությունը փորձում է կոծկել սպանության իրական պատճառներն ու սպանության մասնակից անձանց։ Այսքանից հետո, միայն մնում է եզրակացնել, որ Հայաստանում անարդարություն է տիրում, եւ մարդուն առանց հանցանք գործելու վերաբերյալ ապացույցների հենց այնպես դատապարտում են ցմահ ազատազրկման»։

Հիշեցնենք, որ 20 տարեկանում` 1996 թ-ին Մհեր Ենոքյանը դատապարտվել է մահապատժի` մեղադրվելով համակուրսեցու`սպանության մեջ /ՀՀ Քր.Օր.-ի 99-րդ հոդվածի 1-ին եւ 6-րդ կետեր/: ՀՀ նախագահի 2003 թ-ի հրամանագրով` ի թիվս 41 մահապատժի դատապարտվածների, պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման: Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել դատարանում: Գործով մյուս մեղադրյալն Արամ Հարությունյանը դատապարտվել էր նույն գործով, սակայն 15 տարի ազատազրկման: Նա այժմ ազատության մեջ է: