Հայաստանում որոշ հարուստ քաղաքացիներ Կորեյկոյի պես են իրենց պահում, այդ պատճառով դժվար է սոցիալական նշաններով էլեկտրաէներգիայի սակագնի տարբերակումներ մտցնել։ Այս մասին հունիսի 15-ին խորհրդարանում հայտարարեց ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը։ «Այստեղ դժվար է տարբերակել։ Եվ առհասարակ ցանկացած փոխհատուցում, աշխատավարձի ցանկացած բարձրացում, դրա դիմաց չէ՞ որ վերջին հաշվով վճարում է ոչ թե կոնկրետ մի անձ, ասենք՝ Գալուստ Սահակյանը, այլ մենք բոլորս»,- ասաց խոսնակը։

Նա միաժամանակ վստահեցրեց, որ պետությունը կփոխհատուցի էլեկտրականության թանկացումը անապահով ընտանիքների համար։ Հարցին, թե ինչ պետք է անեն մյուսները, Սահակյանը պատասխանեց, որ փոխհատուցումը շատերին է վերաբերելու։ «Մեր հանրապետությունում 105 հազար ընտանիք նպաստ է ստանում։ Իսկ փոխհատուցումը ստանալու է ողջ ընտանիքը այլ ոչ թե մեկ անձը։ Այսինքն կարելի է խոսել մոտ 600 հազարի մասին»,- եզրափակեց Սահակյանը։