ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով Մեղրիում էին գտնվում ՏԿԱԻ նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը: Այս մասին NEWS..am-ը ՏԿԱԻՆ-ից: Նրանք զրուցեցին այրված բնակարանների սեփականատերերի, ինչպես նաեւ այլ տուժողների հետ, հայտնելով իրենց ցավակցությունը, մտահոգություններն ու աջակցությունը, լսելով նաեւ գոհունակության խոսքեր ՀՓՋ անձնակազմի այդ օրվա աշխատանքի մասին:
Նշենք, որ հունիսի 13-ին, առավոտյան ժ.07:01-ին Մեղրիի ՀՓՋ-ն Սյունիքի մարզի ՃԿԿ-ից ահազանգ ստացավ, որ Մեղրի քաղաքի Զ.Անդրանիկի 7 հասցեում այրվում է եռահարկ բազմաբնակարանային շենքը, որի կառուցվածքի 50%-ից ավելին կազմում է Բաղդադի փայտ, իսկ շենքն էլ 1958 թվականի կառույց է: Շենքն ունի երկու մուտք: Հրդեհը սկսվել է առաջին մուտքի երկրորդ հարկից: Քաղաքացիների հարցումից պարզվել է, որ հրդեհը սկսվել է ժամը 06:20-ի սահմանում, իսկ առաջին գազի բալոնի պայթյունի ձայնը լսվել է ժամը 06:30-ի սահմանում: Հոգեբանական ճնշվածության ներքո բնակիչները 911 զանգահարել են միայն ժամը 07:00-ին: Ահազանգն ստանալուց անմիջապես հետո Մեղրիի ՀՓՋ-ից դեպքի վայր է դուրս եկել մեկ մարտական հաշվարկ, որը դեպքի վայր է հասել 4 րոպեից, միաժամանակ տրվել է ընդհանուր տագնապ` ողջ անձնակազմի եւ ուժերի հավաք, օգնության կանչ Սյունիքի մարզի ՃԿԿ, քանի որ հրդեհի մասշտաբները հսկայական էին ու սպառնում էին իրար չափազանց մոտ գտնվող բազմաթիվ տների: Հաշված րոպեների ընթացքում մոտեցավ երկրորդ մեքենան՝ կարճ ժամանակում տագնապով հավաքված ամբողջ անձնակազմով: Օգնության նպատակով հրդեհաշիջման աշխատանքներում են ընդգրկվել ռուսական սահմանապահ զորքերը` իրենց ջրատար մեքենայով, Մեղրիի ՃՇՇՁԲ-ի ջրատարը, Ագարակի ՊՄԿ-ի ջրատարը, Ն. զորամասի ջրատարը, Քաջարան քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, Կապան քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհի հետեւանքով ամբողջովին այրվել է շուրջ 2500 քառ.մ բնակելի տարածք` իր ողջ գույքով, շենքի տանիքը` 1250 քառ.մ, վեց բնակարան, մեկ առանձնատուն։ Նախքան հրշեջների ժամանումը ծխահարումից մահացել է նույն շենքի բնակչուհի` 1927 թ.-ին ծնված Վարդիթեր Ներսեսի Կարապետյանը: Հրշեջ-փրկարարները փրկել են նույն շենքի բնակչուհի`1925 թ.-ին ծնված Ելենա Ավագի Վարդիկյանին, ում իսկ անփույթ վերաբերմունքն էլ պատճառ է հանդիսացել հրդեհի առաջացմանը: Առողջական առումով տուժողներ եւ վիրավորներ չկան:
Հրդեհաշիջումը կազմակերպվել է համախմբված եւ ամբողջական ուժերի լարումով: Հարկ է նշել, որ երկրորդ մուտքի յոթ բնակարանների ողջ գույքի տարհանումը կազմակերպվել է քաղաքացիների եւ ոստիկանության ծառայակիցների միահամուռ ուժերով` կանխատեսելով այդ մուտքի մոտալուտ այրումը: Ջանասիրաբար տարվող աշխատանքների շնորհիվ ամբողջությամբ փրկվել է շենքի երկրորդ մուտքը եւ առաջին մուտքի ձախ հատվածի երեք բնակարան: Հրդեհաշիջման աշխատանքների մեջ, բացի մեր աշխատակիցներից, ընդգրկված են եղել նաեւ 50-ից ավելի քաղաքացիներ:
Պատճառահետեւանքային կապերը դեռ մանրամասն կվերլուծվեն: Շատ շենքերում կան միայնակ տարեցներ, ովքեր մոռանում են ջուրը, լույսը, գազն անջատել, ովքեր պատճառ են դառնում դժբախտ պատահարների, բայց մի բան էլ այդպես մնաց անբացատրելի ու նույնիսկ անհասկանալի: 40 րոպե անընդհատ ճտճտալով շենք է այրվում, պայթում են գազաբալոններ, ու բոլորին թվում է, որ ինչ-որ մեկը, մեկ ուրիշը 911 զանգած կլինի. ահազանգը հնչում է կրակը երեւալուց 40 րոպե անց:





























