Եվրասիական տնտեսական միությանը Ղրղըզստանի անդամակցությունը Հայաստանին հնարավորություն է ընձեռում մուտք գործել նոր 6 միլիոնանոց շուկա: Այս մասին հունիսի 15-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ 6 միլիոնանոց շուկայում մենք անելիք չունենք, ես կլռեմ: Իսկ ես կարծում եմ, որ անելիք ունենք: Ընդ որում՝ բոլորս. ե՛ւ պատգամավորները, ե՛ւ կառավարությունը, ե՛ւ գործարար հանրությունը, որպեսզի այդ շուկան հետաքրքրի հայ արտադրողին, որպեսզի նրա արտադրանքը պահանջարկ ունենա Ղրղըզստանին»,- հայտարարեց Շարմազանովը՝ հավելելով. «Իհարկե, հարկավոր է աշխատել: Չպետք է նստենք թախտին, սպասենք բախտին։ Ոչ ոք մեր փոխարեն ոչինչ չի անի: Մենք ինքներս պետք է նոր շուկաներ նվաճենք»:
Նշենք, որ ԵՏՄ-ին Ղրղըզստանի անդամակցության մասին 2014թ. դեկտեմբերի 23-ի պայմանագրին Հայաստանը միացել է առանձին արձանագրությամբ՝ հաշվի առնելով, որ այն ստորագրվել է Հայաստանի անդամակցության մասին փաստաթղթի ստորագրումից հետո (2014թ. հոկտեմբերի 10), բայց նախքան դրա ուժի մեջ մտնելը (2015թ. հունվարի 2):





























