Եթե ԱՄՆ-ի ծանր տեխնիկան հայտնվի Արեւելյան Եվրոպայի եւ Մերձբալթյան երկրներում, Ռուսաստանի պատասխանն արագ եւ համարժեք կլինի: Այս մասին «Ինտերֆաքս»-ին տեղեկացրել է ՌԴ ՊՆ գլխավոր տեսուչների վարչության համակարգող, բանակի գեներալ Յուրի Յակուբովը:
Նրա խոսքով, Կալինինգրադի հրթիռային բրիգադը կարագացնի «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրների վերազինումը, Ռուսաստանի արեւմտյան սահմանի ամբողջ երկայնքով զորքերը կուժեղացվեն, կձեւավորվեն նոր տանկային, հրետանային եւ ավիացիոն զորամասեր, զգալիորեն կուժեղացվի նաեւ Բելառուսում ռուսական ընդհանուր զորամիավորումը:
«Եթե ԱՄՆ ծանր ռազմական տեխնիկան իսկապես հայտնվի Արեւելյան Եվրոպայի եւ Մերձբալթյան մի շարք երկրներում, դա անցյալ տարվա «սառը պատերազմի» ժամանակներից ի վեր Պենտագոնի եւ ՆԱՏՕ-ի ամենաագրեսիվ քայլը կլինի»,- պարզաբանել է Յակուբովը:
Գեներալը հիշեցրել է, որ Ռուսաստանը դուրս է եկել Եվրոպայում Զինված ուժերի մասին պայմանագրից եւ պատասխան միջոցներ ձեռնարկելիս սահմանափակված չի լինի տանկերի կամ ինքնաթիռների քանակության հարցում: Իսկ «Իսկանդեր»-ի ուժեղ կողմն այն է, որ դրա արձակած հրթիռը հնարավոր չի լինի կործանել:
Արեւմտյան լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել Բուլղարիայում, Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Լեհաստանում, Ռումինիայում եւ, հնարավոր է, Հունգարիայում ծանր ռազմատեխնիկա տեղակայելու՝ Պենտագոնի մտադրության մասին: Բացի այդ, Եվրոպա նաեւ սպասարկող անձնակազմ կուղարկվի: Ամերիկյան զորքերի տեղակայման հարցը քննարկվելու է հունիսի 25-ին Բրյուսելում նախանշված ՆԱՏՕ-ի անդամ պետությունների նախարարների գագաթաժողովի ժամանակ:





























