Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Նազարյանի խոստումը հայտնի ասացվածքն է հիշեցնում: Ավելի ճիշտ՝ դրա երկրորդ հատվածը, երկնքում կռունկի մասին: Հիշեցնենք, որ անցյալ ուրբաթ Հայաստանի խորհրդարանում կայացած քննարկումների ժամանակ պարոն Նազարյանը «չբացառեց» էլեկտրաէներգիայի սակագինը 5 դրամով իջեցնելու հնարավորությունը, բայց՝ ուղիղ մեկ տարի անց:
Իհարկե, Հանձնաժողովի ղեկավարն ապահովագրվեց՝ այդպիսի հրաշքի իրականացման համար մի շարք պայմաններ առաջադրելով: Օրինակ՝ էներգետիկ տարում Հայաստանում դոլարի փոխարժեքի տատանում: Կամ սպառողները կմոռանան պարոն Նազարյանի խոստումը: Կամ…
Ինչպես արդեն նշվել է, սակագնի բարձրացման մասին «Հայաստանի Էլցանցեր» ՓԲԸ-ի հայտում հստակ հիմնավորումը բացակայում է: Իսկ հայտարարություններում նշվում են օբյեկտիվ «գործոնները», որոնք, իբր, հանգեցրել են ՀԷՑ-ի պարտքերի կուտակմանը: Օրինակ՝ «չոր եղանակն ու ՀԷԿ-երի ցածր գեներացիան», ինչպես նաեւ ՀԱԷԿ-ում երկարատեւ վերանորոգումը:
Այս ամենի արդյունքում ՀԷՑ-ը ստիպված է եղել այդ ժամանակահատվածում էլեկտրաէներգիա գնել գեներացնող այլ կայաններից, մասնավորապես՝ Հրազդանի ՋԷԿ-ից: Վերջինի էլեկտրաէներգիայի գինը բավական բարձր է, այդ պատճառով մենաշնորհայնատերն այն գնելիս կորցրել է շահույթը, նույնիսկ ուղղակի վնաս կրել: Բայց ինչո՞ւ է Հրազդանի ՋԷԿ-ի էլեկտրաէներգիայի գինն այդքան բարձր:
Անցյալ տարվա հունվար-սեպտեմբերի տվյալներով, Հրազդանի ՋԷԿ-ը 24.1 մլրդ դրամի էլեկտրաէներգիա է մատակարարել, ինչի համար շուրջ 19.0 մլրդ դրամի բնական գազ է գնել: Մատակարարումների ցուցանիշի հանդեպ վառելիքի արժեքի հարաբերակցությունը գրեթե 80% է: Հասկանալի է, որ արտադրանքի ինքնարժեքում այդ մասնաբաժինն ավելի բարձր է լինելու: Իսկ բնական գազը գնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, 1 խ.մ.-ը՝ 276.98 դոլարով: Չնայած սահմանին գինն «ընդամենը» 190 դոլար է:
Սակայն վնաս չի կրում նաեւ Հրազդանի ՋԷԿ-ը, որը, ինչպես եւ ՀԷՑ-ը, ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկությունն է: Հունվար-սեպտեմբերի արդյունքներով, ընկերության մաքուր եկամուտը մեկ բաժնետոմսի (10.000 դրամ անվանական արժեքով) հաշվարկով կազմել է 1.100 դրամից քիչ պակաս: Իսկ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ն այդպիսի շուրջ 1.6 մլն բաժնետոմս ունի: Հասկանալի է, որ այս դեպքում նույնիսկ երկնքում գտնվող կռունկի մասին երազել պետք չէ:
Սմբատ Գրիգորյան




























