Մոսկվայում Սամվել Կարապետյանի խանութներում ռումբի ահազանգը կեղծ է եղել: Ինչպես Մոսկվայից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, հունիսի 15-ին Մոսկվայի ժամանակով ժամը 19-ի սահմաններում, Սեւաստոպոլյան պողոտայի վրա գտնվող, հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Ռիո» արեւտրի կենտրոնից տարհանել են բոլորին: Սկզբում ոչ մի բացատրություն չի եղել, ընդամենը խնդրել են լքել առեւտրի կենտրոնը եւ տարածքը:

Քիչ անց պարզել է, որ ռումբի մասին ահազանգ է եղել:  Մեր թղթակիցը առեւտրի կենտրոնի աշխատակիցներից տեղեկացել է, որ նման մի ահազանգ էլ ստացել էին նախօրեին՝ հունիսի 14-ին, սակայն մոտ մեկ ժամ ստուգումներից հետո մարդկանց կրկին ներս են թողել:

Այս անգամ ստուգումներն ավելի երկար են տեւել, մոտ 2,5 ժամ, որից հետո բացվել են առեւտրի կենտրոնի դռները:

Բացի այդ նման ահազանգեր ստացել են Մոսկվայում գտնվող մյուս չորս «Ռիո» առեւտրի կենտրոնների հետ կապված: Մոսկվայի ոստիկանությունը այս դեպքերի հետ կապված ոչ մի մեկնաբանություն չի տվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, անհայտ անձինք սպառնում են պայթեցնել հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող Մոսկվայի եւ Յարոսլավլի ՌԻՈ խանութները:

Յարոսլավլի մարզի ՆԳՆ մամուլի ծառայության ներկայացուցչի փոխանցմամբ, անհայտ անձից զանգը հունիսի 15-ի երեկոյան ստացվել է վստահության հեռախոսահամարին եւ ոստիկանության հերթական մաս: Զանգահարողը հայտնել է, որ Յարոսլավլի ՌԻՈ առեւտրի կենտրոնն ականապատված է եւ ցած է նետել հեռախոսը: