ԱՄՆ 43-րդ նախագահի եղբայր Ջեբ Բուշը Մայամիում կայացած հանրահավաքի ժամանակ պաշտոնապես հայտարարել է հանրապետականների կողմից նախագահական մրցավազքին մասնակցելու մասին:

Նախընտրական ելույթում նա դեմոկրատների վրա է դրել «ողջ պատմության ընթացքում ամենադանդաղ տնտեսական աճի», պարտքերի աճի եւ միջին խավի համար հարկերի բարձրացման, ինչպես նաեւ պաշտպանական ծախսերի «անիմաստ» կրճատման պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է   Associated Press-ը:

«Ես չեմ ուզում, որ եւս 4 տարի նման քաղաքականություն վարվի»,-ընդգծել է Ջեբ Բուշը:

62-ամյա քաղաքական գործիչը նախագահի պաշտոնի առանցքային հավակնորդ է  համարվում Հանրապետական կուսակցության կողմից: Հաղթանակի դեպքում նա կդառնա Բուշերի ընտանիքի երրորդ ներկայացուցիչը, որը զբաղեցնում է ԱՄՆ նախագահի պաշտոնը: Նրանից առաջ այդ պաշտոնը զբաղեցրել են հայրը՝ Ջորջ Բուշ ավագը եւ եղբայրը՝ Ջորջ Բուշ կրտսերը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2016 թվականի նոյեմբերի 8-ին: Ներկայումս նախագահի պաշտոնի համար պայքարելու մասին հայտարարել են Հանրապետական կուսակցության 10 ներկայացուցիչներ: Նրանց շարքում են Արքանզասի նախկին նահանգապետ Մայք Հաքաբին, սենատորներ Թեդ Քրուզը եւ Ռենդ Փոլը, Hewlett-Packard-ի նախկին գլխավոր տնօրեն Քարլի Ֆիորինան, նեյրովիրաբույժ Բեն Քարսոնը, ինչպես նաեւ նախկին սենատոր Ռիք Սանթուորմը:

Դեմոկրատներից նախագահական ընտրություններին մասնակցելու մասին հայտնել են 4 գործիչներ, այդ թվում նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Մերիլենդի նահանգապետ Մարթին Օ’ Մելին եւ սենատոր Բերնի Սանդերսը: Հունիսի սկզբին նախագահի պաշտոնի համար պայքարին մասնակցելու մասին հայտարարել է նաեւ Ռոդ Այլենդի նախկին նահանգապետ Լինքոլն Չեյֆին: