Գյումրիում ռուսական ռազմակայանի ռուս ժամկետային զինծառայողին կարող էին սպանել սպայի դեմ «գործ տալու» համար: Այս մասին LifeNews- ին հայտնի է դարձել իրավապահ մարմիններում իր աղբյուրներից:
Աղբյուրի համաձայն, այս պահին վարկած է մշակվում, որ սպանության հնարավոր դրդապատճառը կարող է լինել զորամասի սպաներից մեկի դեմ «գործ տալը»: Ենթադրյալ մարդասպան Իվան Բոսխոմջիեւի եւ սպանված Իվան Նովիկովի միջեւ կոնֆլիկտը կարող էր տեղի ունենալ այն պատճառով, որ դրանից մի քանի օր առաջ Նովիկովը կապիտան Սանալ Ս.-ին մեղադրել է վնասվածքներ հասցնելու մեջ, որը Բոսխոմջիեւի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է:
Դրանից հետո կապիտան Սանալ Ս.-ի նկատմամբ նախաքննական ստուգում է սկսվել:
«Սա առաջին իրավախախտումը չի եղել սպայի կողմից. որոշ ժամանակ առաջ նա տուգանվել է ժամկետային զինծառայողներից մեկին ծեծելու համար: Հասկանալով, որ այս անգամ ինքը, ամենայն հավանականությամբ, կկորցնի աշխատանքը, կա հավանականություն, որ նա կարող էր խնդրել իր ընկեր Իվան Բոսխոմջիեւին, վրեժ լուծել նովիկովից»,-հայտնել է աղբյուրը:
Բացի այդ, հայտնի է, որ սպանվածի եւ ենթադրյալ մարդասպանի միջեւ հաճախ են կոնֆլիկտներ եղել: Իվան Բոսխոմջիեւը նախկինում էլ դժգոհ է եղել Նովիկովի ծառայությունից եւ նրան «մատնիչ» է համարել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիում ռուսական ռազմակայանի հետնամասում, «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ, հունիսի 15-ին, հայտնաբերվել է ռուս զինծառայող Իվան Նովիկովի դին՝ դանակից ստացված վնասվածքներով: Ըստ ՌԴ Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայության, այս գործով ձերբակալված զինվորը պայմանագրային զինծառայող է եւ սկսել է խոստովանական ցուցմունքներ տալ: Նա Իվան Բոսխոմջիեւն է, որի «Օդնոկլասսնիկի»-ի էջից տեղեկանում ենք, որ նա 21 տարեկան է, ՌԴ Աստրախանի շրջանից: Բոսխոմջիեւը բազմաթիվ լուսանկարներ է հրապարակել իր զինվորական ծառայությունից:
Հիշեցնենք, որ հայկական կողմը նույնպես քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 1–ին մասով։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական գործով քննությունը վարում են Հայաստանի եւ Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները: «Այժմ հիմնական աշխատանքը վարում է ռուսական կողմը»,-ասել է ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սոնա Տռուզյանը:
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ, Գյումրի են ժամանել առանձնապես կարեւոր գործերով քննիչները:
Ռուսական ռազմակայանի ներկայացուցիչ, ռազմակայանի հրամանատարի անձնակազմի գծով տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը հայտարարել է, որ հայկական կողմին ուղղված առարկություններ չունեն: Միաժամանակ նա նշել է, որ արդեն կա կասկածյալ՝ զորամասի պայմանագրային զինծառայող, որին այժն հարցաքննում են:




























