Բաքվում կայանալիք «Քիմիայի» 47-րդ միջազգային օլիմպիադային հայ դպրոցականները չեն մասնակցի, քանի որ Բաքուն հայկական թիմին անվտանգության երաշխիքներ չի տվել: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Սա ուղղակի ամոթալի պահվածք է, մարդկային ընկալումների մեջ չի տեղավորվում, ինչպես կարելի է դպրոցական երեխաների անվտանգությունը չերաշխավորել: Ես ափսոսում եմ, քանի որ մենք զրկվեցինք մեդալներից, մենք ունենք փայլուն երեխաներ: Սա եւս մեկ անգամ ապացուցեց, որ մենք տարբեր երկրներ ենք ու տարբեր ձեւ ենք վերաբերվում երեխաներին»,- ասաց նախարարը:
Նախարարը նշեց, որ Բաքվի նման «ապակառուցողական» մոտեցումը դատապարտելու պահանջով իրենք դիմելու են եվրոպական կառույցների. «Դիմելու եմ, որ Բաքվում այլեւս նման օլիմպիադաներ չկազմակերպեն, քանի որ Հայաստանին փաստացի զրկում են մասնակցությունից»:
Նշենք, որ օլիմպիադային մասնակցելու համար Հայաստանից Բաքու պետք է մեկներ աշակերտների 4 հոգանոց խումբ՝ 10-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարաններից: Նրանք արդեն երկար ժամանակ է՝ նախապատրաստվում էին օլիմպիադային:
Այս առնչությամբ ՀՀ ԿԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.
«Հայաստանի Հանրապետությունը, կարեւորելով աշակերտների մասնակցությունը միջազգային առարկայական օլիմպիադաներին, պատրաստակամություն էր հայտնել մասնակցել հուլիսի 20-29-ը Բաքվում կայանալիք Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային: Հայկական կողմը լայնածավալ աշխատանքներ էր իրականացրել ազգային հավաքականի նախապատրաստման եւ գիտելիքի միջազգային ստուգատեսին հայ աշակերտների՝ հավուր պատշաճի ներկայանալու ուղղությամբ: Ավելին՝ հայտարարվել էր, որ Հայաստանի ազգային հավաքականին Բաքու կուղեկցի ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Հայաստանի մասնակցության որոշման իրականացումը հնարավոր էր միայն Ադրբեջանի Հանրապետության կողմից հայկական պատվիրակությանը պետական մակարդակով անվտանգության երաշխիքների տրամադրումից հետո, սակայն պաշտոնական Բաքուն մինչեւ միջազգային օլիմպիադային մասնակցելու համար գրանցման սահմանված ժամկետը՝ հունիսի 15-ը, այդպես էլ համապատասխան քաղաքական կամք չդրսեւորեց, եւ հայ դպրոցականների օլիմպիական թիմն անվտանգության պետական երաշխիքներ չստացավ:
Հետեւաբար, Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ելնելով երեխաների անվտանգության նկատառումներից` ստիպված է հրաժարվել հայ դպրոցականների Բաքու մեկնելու որոշումից:
Միաժամանակ, հայկական կողմը արձանագրում է, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է.
ա/ ջանքեր չխնայել՝ Հայաստանը միջազգային գործընթացներից մեկուսացնելու համար,
բ/ անտեսել միջազգային հանրության կարծիքը,
գ/տասնամյակներ ձգվող տնտեսական շրջափակումը եւ քաղաքական հակասությունները տարածել նաեւ հումանիտար ոլորտում,
դ/մերժողական դիրքորոշում ցուցաբերել հայկական կողմի կառուցողական նախաձեռնություններին:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը խիստ դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների նման գործելաոճը եւ միջազգային պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրում այս խնդրին` միաժամանակ կոչ անելով միջազգային կազմակերպություններին` հիմք ընդունելով նման դրսեւորումները` գիտակրթական միջազգային միջոցառումներ, որոնց պետք է մասնակցեն նաեւ Հայաստանի պատվիրակությունները, Բաքվում այլեւս չկազմակերպել»:





























