ԵԱՀԿ-ն անհանգստացած է Ադրբեջանի իշխանությունների գործողություններով: Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի ղեկավար Իզաբել Սանթոսը ողջունել է Ադրբեջանի իշխանությունների որոշումը՝ թույլ տալ երկրից հեռանալ իրավապաշտպան Էմին Հուսեյնովին, սակայն միաժամանակ նշել է տեղի ունեցածի բացասական կողմը:

«Լավ նորություն է, որ Էմին Հուսեյնովին թույլ են տվել լքել երկիրը, բայց սա նաեւ ցավալի օր է, քանի որ քաղաքացիական հասարակության առաջնորդները ստիպված են լքել երկիրը իշխանությունների ճնշման տակ: Ես հույս ունեմ, որ սա պարզապես Ադրբեջանի կառավարության ժեստը չէ Եվրոպական խաղերի առթիվ, այլ ծայրահեղ անհրաժեշտ, մարդու իրավունքների իրավիճակի արմատական փոփոխությունների սկիզբ: Ադրբեջանը պետք է անհապաղ եւ լրջորեն վերաբերվի ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած իր պարտավորություններին եւ սկսի ազատ արձակել խղճի կալանավորներին ու քաղբանտարկյալներին, ներառյալ Ինթիգամ Ալիեւին, Հադիջա Իսմայլովային, Ռասուլ Ջաֆարովին, Անար Մամեդլիին եւ Լեյլա Յունուսին»,-հայտարարել է Սանթոսը: