Այս տարի Սեւանա լճից լրացուցիչ ջրառ չի իրականացվի: Այս մասին «ԷկոԼուրի» հետ զրույցում հայտնեց Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը:
2015թ-ին ոռոգման նպատակով Սեւանա լճից բաց կթողնվի 170 միլիոն խմ ջուր: Սեւանա լճից ջրառի այս չափաքանակը գործադիրը հաստատել է ապրիլին: ՀՀ բնապահպանության նախարարությունը առաջարկել էր ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեին 170-ի փոխարեն սահմանափակվել Սեւանից 155 միլիոն խմ ջուր բաց թողնելով, սակայն առաջարկը մերժվեց:
Արդեն իսկ Սեւանա լճից բաց է թողնվել 13 միլիոն խմ ջուր:
Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի` այս տարի ջրամբարների լցվածությունը ավելի բարձր է, քան նախորդ տարի: «Բացի Ապարանի ջրամբարից մեր բոլոր ջրամբարների լցվածությունը 80-90 տոկոս է»- ասել է Արամ Հարությունյանը Դիլիջան քաղաքում լրագրողների հետ զրույցի ժամանակ:





























