ԱՄՆ ՌԾՈւ ինժեներ Մուստաֆա Ահմեդ Ավվադին մեղադրում են Եգիպտոսի օգտին լրտեսության փորձի կատարելու մեջ։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։ Իրականում Ավվադը լրտեսություն չի կատարել, նրան «հավաքագրել» էր ՀԴԲ-ն։

«Ավվադն իրեն  մեղավոր է ճանաչել նավատորմում իր դիրքը օգտագործելու եւ օտար կառավարության ներկայացուցչին «Ջերալդ Ֆորդ» ավիակիր նավի գծագրերի մասին տեղեկություններ տալու համար»,-  հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով գլխավոր դատախազի օգնական Ջոն Քարլինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավվադը աշխատանքի էր անցել ԱՄՆ ՌԾՈւ-ում 2014թ.։ Դրանից հետո նրա հետ կապ էր հաստատել ՀԴԲ մի  գործակալ եւ առաջարկել էր հանդիպել։ Հաջորդ օրը եգիպտական հետախուզության սպայի անվան տակ ներկայացած գործակալը Ավվադին խնդրել էր ճարել ատոմային ավիակիր նավի գծագրերը։ Ավվադը համաձայնվել էր եւ դրա դիմաց 3 հազար դոլար կանխիկ գումար ստացել։

Այս պահին ինժեները կալանավորված է։ Նրան 8-11 տարվա ազատազրկում է սպառնում։