Այս տարվա դիմորդները նախորդ տարվա համեմատ ավելի զուսպ են: Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության ԵՊՀ քննակենտրոնի ղեկավար Արմեն Սարգսյանը:

«Այս տարվա դիմորդները մյուս տարիների դիմորդներից տարբերվում են իրենց պահվածքով: Աչքով չտանք, այս տարի շատ զուսպ են դիմորդները, բավականին խելոք նստում, գրում են իրենց աշխատանքները, գնում: Նախորդ տարիներին շատ աշխույժ էին եւ դիտողություններ շատ էին ստանում, այս տարի նման բան չկա»,-ասաց նա:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ «Մաթեմատիկա» առարկայի միասնական դիմորդները թեստերի հետ կապված խնդիրներ չեն ունենա, քանի որ բոլոր առաջադրանքները վերցված են նրանց ծանոթ շտեմարաններից:

«Մաթեմատիկա» առարկայից միասնական քննություն պետք է հանձներ 5073, իսկ ԼՂՀ-ում` 377 դիմորդ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Գնահատման եւ թեստավորման կենտրոնից:

Ըստ ԳԹԿ տվյալների՝ Երեւանում այսօր գործել է 9, իսկ մարզերում` 18 քննական կենտրոն: Քննությունից բացակայող դիմորդների ամբողջական թիվը պարզ կլինի Հայաստանի եւ ԼՂՀ քննական կենտրոններից քննաթերթիկների արկղերը ստանալուց անմիջապես հետո:

ԳԹԿ-ից տեղեկացրին նաեւ, որ  «Մաթեմատիկա» առարկայից միասնական քննությունների ընթացքը, ըստ մշտական կապի մեջ գտնվող քննական կենտրոնների ղեկավարների, խաղաղ է եղել:

Նշենք, որ դիմորդները ընդունելության միասնական  քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն», «Հայոց լեզու», «Ֆիզիկա», «Օտար լեզուներ»  առարկաներից:

Միասնական քննությունները կավարտվեն հունիսի 23-ին: